«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը
– Պարոն Կարախանյան, մայիսի 5-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները՝ այդպիսով եզրափակելով հայաստանյան քաղաքական ընտրական տարին: Ի՞նչ եզրակացություններ պետք է անի իշխանությունը և ընդդիմությունը, այդ թվում` իրեն դեռևս այլընտրանք համարող ԲՀԿ-ն:
– Այս ընտրական տարին ավարտվեց գազի սակագնի թանկացմամբ, որը մեսիջ էր ՌԴ կողմից` ի պատասխան ՀՀ իշխանությունների խաղերի և վայրիվերումների: Ընդգծեմ, որ մեսիջ էր իշխանություններին և ոչ ժողովրդին: Եթե սկսենք քաղաքական ընտրական մարաթոնի վերլուծությունից, ապա կարող ենք արձանագրել, որ իշխանությունները հաստատեցին իրենց որդեգրած ծրագիրը և ընտրակեղծիքների մեքենան: Այս ընտրական տարին թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքական դաշտում պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի ձևաչափի ավելի խորը փոփոխություններ: Այսօրվա դրությամբ պարզ է՝ պայքարը գործող ռեժիմի դեմ շարունակվում է և պետք է շարունակվի: Այն միֆը` «մեր դեմ խաղ չկա», որն իշխանությունները ցանկանում են ներարկել հասարակությանը, պետք է հանվի հանրային գիտակցության միջից, որովհետև այն միայն սատարում է իշխանության հայաթափման ծրագրին: Այսինքն՝ իշխանությունների նպատակն է երկրում ազատվել այն կրիտիկական զանգվածից, որն ի վիճակի է հեղափոխություն իրականացնել, որն ի վիճակի է և ունակ ձևավորել քաղաքացիական հասարակություն, ռեժիմի դեմ պայքարի բևեռներ: Հայաթափելով Հայաստանը՝ իշխանությունը նպատակ ունի Հայաստանում ձևավորել մեկ ընդհանուր կառավարվող մթնոլորտ: Այս ամենն ապացուցեց, որ քաղաքական, քաղաքացիական, հասարակական, մշակութային միավորումը և միավորված պայքարը կբերի հաղթանակի, ինչքան էլ մյուս կողմը փորձում է հակառակն ապացուցել: Բայց արդյունավետ պայքարի ճանապարհին կոնկրետ քայլեր պետք է առաջարկվեն: Շատ կարևոր է քաղաքական միասնական օրակարգի ձևավորումը: Առաջին և գլխավոր նպատակը պետք է լինի ընտրակեղծիքների մեքենայի ջարդումը: Այս նպատակի համար պետք է բազմաբևեռ պայքար իրականացնել՝ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների միավորումներ, օրենսդրական նախաձեռնություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և այլն, և այլն, և այլն: Երկրորդ քայլը պետք է լինի քաղաքացիական, քաղաքական, հասարակական կոմիտեների, կազմակերպչական խմբերի ստեղծումը, որոնք պետք է հակակշիռ լինեն թաղային խուժաններին և հեղինակություններին և քրեաօլիգարխիկ համակարգին: Քայլ առ քայլ հաջողություն ֆիքսելով՝ պետք է շարժվել առաջ բոլոր օղակներում պայքար տանելով:
– Ձեր նախորդ հարցազրույցներում ասել էիք, որ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի, որ չվերանա: Օրեր առաջ Աբովյան քաղաքում իր հովանավորած եկեղեցու բացման արարողությունից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր՝ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, այնուհետև ասել էր` եթե ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մեջ մտնելու լիներ, կմտներ: Այս կողմնորոշման մասի՞ն էիք խոսում:
– Երբ ասում եմ, թե ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի, նկատի ունեմ այն, որ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի` ընդգրկվում է իշխանական կոալիցիայո՞ւմ, թե՞ դառնում է իշխանամետ ուժ, ծայրահեղ ընդդիմությո՞ւն, թե՞ այլ ընդդիմություն, որովհետև նույն կուսակցության մեջ չեն կարող տարբեր կարծիքներ լինել մեկ հարցի շուրջ: Ի՞նչ ենք տեսնում՝ գործնական թևը մեկ բան է ասում, մյուսը՝ մեկ, այն մյուսը՝ մեկ այլ: Իմ կարծիքով՝ նման կերպ արտահայտվելը պարզապես բառախաղ է: Հայաստանում ընդդիմությունն ասոցացվում է ջարդել-փշրելու, ճնշումների ենթարկվելու հետ: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն ինքը իր համար կորոշի ընդդիմության իր ձևաչափը: Ես ընդունում եմ՝ դժվար է Հայաստանում կորցնել բիզնեսը, ընկնել իշխանական ռեժիմի մեքենայի տակ ու ջարդուփշուր լինել: Մարդիկ սկսում են պայքարել իրենց ունեցվածքը պահպանելու համար, բայց նաև հասկանում են, որ այլևս այսպես հանդուրժել հնարավոր չէ: Այս մասին ԲՀԿ-ն ևս հասկանում է: Ինչ ասես՝ կարող են հայտարարել, բայց այն, որ կոալիցիայի մեջ չեն մտնում, քննադատություն իրականացնում են, նշանակում է, որ դա է պայքարի իրենց ձևաչափը: Ես համոզված եմ, վստահ եմ, որ աշնանն իրենք կասեն իրենց ձևաչափի մասին:
– Պարոն Կարախանյան, Հայաստանի նման երկրներում հնարավո՞ր է ունենալ խոշոր բիզնեսներ, դրանք ավելացնել և դառնալ ընդդիմություն, թեկուզ, ինչպես Դուք եք ասում, ոչ ծայրահեղ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն, պահպանելով իր ֆինանսական ռեսուրսները, գրավել ընդդիմադիրի դիրք:
– Ընդհանուր առմամբ, այսինքն՝ առաջին հայացքից հնարավոր չէ Հայաստանում, քանի որ դու երբ դառնում ես ընդդիմություն, քեզ հոշոտում են, վառ օրինակը կա: «Ընդդիմություն» բառը մարդիկ տարբեր կերպ են հասկանում: Ընդդիմություն չի նշանակում թշնամի, վերջին տարիներին Հայաստանի քաղաքական մշակույթում արմատավորված կարծիք է, որ ընդդիմությունը թշնամի է, բայց ընդդիմությունը թշնամի չէ: Հեշտ չէ ձեռք բերածը կորցնել, բայց պետք է հասկանալ, որ ռեժիմն էլ է կորցրել, դրա ապացույցը գազի սակագնի բարձրացումն է: Հայաստանի իշխանությունների բեսպրեդելն այլևս չի կարող արտաքին աշխարհը հանդուրժել, արտաքին ուժերի թույլտվությունը չկա: Այս իրավիճակում աշնանն ավելի վատ է լինելու, գնալով վատանում է, գազի գնի հետ կապված այլ հարցեր էլ են առաջանալու, քանի որ հնարավոր չէ անընդհատ խաբել արտաքին ուժերին, խոստումներ տալ, աշնանն ավելի կտրուկ են շատ հարցեր դրվելու ՀՀ իշխանությունների առջև: Այսօրվա դրությամբ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն պատասխանել այդ կտրուկ հարցերին, հետևաբար նաև ներքին քաղաքական թուլացումներ են լինելու: Այդ ժամանակ հնարավոր է, որ իշխանությունները նույնիսկ չկարողանան ընդդիմության նկատմամբ խորը ճնշումներ բանեցնել: Աշնանն իրավիճակը փոխվելու է, ուստի ես կարծում եմ, որ տեսնելով այդ իրավիճակը, ծանրութեթև անելով` ԲՀԿ-ն կորոշի, կհասկանա իր առաջնահերթությունները, հնարավոր է նաև տրոհվի, բայց հստակ ուղու վրա կանգնի:
– Բայց կարող է և Ձեր նշած սցենարը չլինի, իշխանությունները չթուլանան, ԲՀԿ-ն դրանից չոգևորվի և չդառնա ընդդիմություն: Այդ դեպքում ի՞նչ է լինելու այն ուժերի և այն գործիչների վիճակը, որոնք մեծ հույսեր էին կապում ԲՀԿ-ի հետ:
– Եթե խոսքը ՀԱԿ-ի մասին է, ապա ես կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը չի կապում իր հույսերը ԲՀԿ-ի հետ: Միտում կա նման բան տեսնելու, բայց իրականում ՀԱԿ-ն իր հույսերը ԲՀԿ-ի հետ չի կապում: Ժամանակ էլ կար՝ ասում էին, որ ՀԱԿ-ն իր հույսերը կապում է ՌԴ-ի հետ, բայց ՀԱԿ-ը ուղղակի քաղաքականություն է վարում, քաղաքական մեթոդներով փորձում ընդդեմ իշխանության հնարավորինս լայն կոնսոլիդացիա ապահովել, քաղաքական միավորումներ կազմակերպել: Այսօր ՀԱԿ-ն ինքնակազմակերպման, վերակազմավորման պրոցեսում է գտնվում: ՀԱԿ ներկայացուցիչները քաղաքական մեթոդներով փորձում են քաղաքական կոալիցիաներ ձևավորել: Պարզապես Հայաստանում քաղաքական պայքարի մշակույթ չկա: Ասում են, թե միավորվել են ցանկանում, որ փող վերցնեն, բայց այդ մտածելակերպը պետք է հանվի, քանի որ քաղաքական ուժերը կարող են մի ժամանակահատվածում մի քանի հարցերի հետ կապված համագործակցեն: Եթե ՀԱԿ-ն իրեն նման բան թույլ տված լիներ, վերացած կլինեին: ՀԱԿ-ն այսօր նաև վերաիմաստավորման պրոցեսում է, դուրս է գալիս մարդ-կուսակցությունների ազդեցությունների տակից, դրա համար իրենք գնալու են առաջ:
– Պարոն Կարախանյան, ՀԱԿ-ն առանց ԲՀԿ-ի ի՞նչ կարող է անել, այն նպատակները, որոնց մասին խոսում են ՀԱԿ ղեկավարները, առանց ԲՀԿ-ի հնարավո՞ր է իրականացնել:
– Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, դրան գումարած նաև գազի սակագնի թանկացումը, որ ոչ միայն ՀԱԿ-ը միայնակ, այլև ցանկացած կազմակերպված ուժ ի վիճակի է իրականացնել իշխանափոխություն:
– Սահուն կերպով անցում կատարեցինք գազի սակագնի թանկացման հարցին: Այս օրերին սա ողջ հանրության ուշադրության կենտրոնում է և քննարկումների կիզակետում հետևյալն է՝ այս կերպ Ռուսաստանը պատասխանում է Հայաստանին Մաքսային միությանը չանդամակցելու համար:
– Այդ վարկածը արևմտյան կենտրոնների պրոպագանդայի արդյունքում է ձևավորվել, թե Ռուսաստանը Հայաստանին ուզում էր տանել Մաքսային միություն, Հայաստանը չցանկացավ: Իրականում գազի սակագնի բարձրացման մասին ՌԴ-ում խոսվում է արդեն մեկուկես տարի և բավականին բացահայտ: Հայաստանն ուներ գազի այն գինը, որն ունեին ռուսաստանյան ձեռնարկությունները: Գազի սակագնի բարձրացման հարցը մի քանի անգամ օրակարգ է ներմուծվել, սակայն չի ստացվել ՀՀ իշխանությունների լացուկոծի արդյունքում: «ՀայՌուսգազարդ» հիմնարկությունը ռուսաստանյան ձեռնարկություն է, ընկերության 80% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Գազպրոմն» է: Ռուսաստանը չէր կարող շարունակել սահմանի վրա իր դուստր ձեռնարկությանը գազ տալ նույն գնով, դա հակասում էր Ռուսաստանի օրենքներին: Տալիս էր, բայց պետք է գար հասներ մի պահ, երբ դա չէր կարող շարունակվել: Ընտրություններից առաջ ամենաբարձր մակարդակներով եկան խնդրեցին, թե գնի բարձրացումը թողնեն ընտրություններից հետո, մազերը փիտրեցին, պառկեցին, բայց ոչ իշխանություններին, այլ ժողովրդին ընդառաջեցին:
Ռուսաստանը տեսնում է այն քրեաօլիգարխիկ համակարգը, որը Հայաստանում ձևավորվել է 2009-2010թթ. սկսած, գիտի նաև այն, որ Հայաստանում շրջանառվող ֆինանսական միջոցների 70%-ը գտնվում է ստվերում: Այսինքն՝ Ռուսաստանը հասկանում է, որ իշխանությունները խաբում են ժողովրդին: Ռուսաստանը, նաև հաշվի առնելով ՀՀ գործիչների ստվերային գումարները, որոշել է գազի սակագին, որը շատ նորմալ է նման հոսքեր ունեցող երկրի համար: Ռուսաստանն ասում է ՀՀ իշխանություններին` «գնա քո գումարները ստվերից հանի»: Եթե ՀՀ իշխանությունները ստվերի 70%-ի կեսն էլ հանեն, կկարողանան հարյուր երեսուն տոկոսով սուբսիդավորել գազի գինը: Ռուսաստանը խաղում է ՀՀ ժողովրդի, քաղաքացու կողքին, ասում է, խնդրում` «ստվերի կեսը մտցրու ու լուծի գազի հարցը, իսկ եթե չես ուզում լուծել, դա էլ ես քաղաքացու գլխին լցնում, զսպանակի խնդիրն է առաջանալու, պայթելու է»: Իսկ ժողովրդին Ռուսաստանն ասում է` «ժողովուրդ ջան, մի վախեցեք, ելեք պայքարեք: Մի խաբվեք այդ դատարկախոսություններին»:
– Այսինքն՝ Ռուսաստանը փորձում է սրե՞լ Հայաստանում ներքին իրավիճակը:
– Ռուսաստանը, բնական է, չի ուզում կորցնել Հայաստանը որպես գործընկեր, բայց Ռուսաստանն այսօր պատրաստ է և աջակցելու է ժողովրդին: Ռուսաստանը ՀՀ իշխանություններին հորդորում է գումարները դուրս բերել ստվերից, ճիշտ շրջապտույտ կազմակերպել, քիչ խաբել ժողովրդին, քանի որ աշխարհին չեն կարող խաբել: Եթե ՀՀ իշխանությունները նորմալ իշխանություններ լինեին, Հայաստանը էներգիայի այլընտրանքային աղբյուր կունենար և կախում չէր ունենա ՌԴ-ից: Բայց այս ամենի համար շուտով ՀՀ իշխանությունների գլխներին են տալու, ժողովրդին աջակցելու, որ ժողովուրդը պայքարի դուրս գա: Ի դեպ, ասեմ, որ բոլոր երկրները, նաև Արևմուտքն է համամիտ լինելու այս հարցում:









































