Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը, ով ապրիլի վերջին կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էր, հրաժարական չի ներկայացնի՝ անտեսելով խորհրդարանի կոչը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռագիբ Խաջիչը:
Այսպես է քաղաքական գործչի փաստաբանը արձագանքել Դաշնային խորհրդարանի ժողովուրդների պալատի՝ հինգշաբթի կայացած հատուկ նիստին, որտեղ պատվիրակների մեծ մասը հանդես էր եկել նախագահի ինքնակամ հրաժարականի օգտին: Նրանք կարծում են, որ նախագահը ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Բուդիմիրի ձերբակալությունը տեղի է ունեցել դաշնությունում քաղաքական ձգձգված ճգնաժամի ֆոնին՝ կապված նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորման և իշխանության հիմնական մարմինների աշխատանքի արգելափակման հետ:
Խաջիչն ասել է, որ Բուդիմիրը չի ընդունում իր մեղքը, ու մինչ դատարանի կողմից վճռի հրապարակումը կիրառելի է անմեղության կանխավարկածը: Փաստաբանը հավելել է, որ հրաժարականի մասին խոսք անգամ լինել չի կարող:






































