Մոսկվան չի բացառում, որ ԱՄՆ-ի հետ համատեղ կռմբակոծի Սիրիայում գործող այն խմբավորումներին, որոնք չեն միանա զինադադարին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ փետրվարի 22-ին հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ փետրվարի 27-ից Սիրիայում պետք է զինադադար հաստատվի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև, իսկ ԴԱԻՇ, «Ջեբհաթ-Ալ Նուսրա» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմավորումների վրա գրոհները կշարունակվեն:
Պատասխանելով Սիրիական ազատ բանակի բրիգադային հրամանատարների՝ վերջերս արած այն հայտարարությունների վերաբերյալ հարցին, թե իրենք չեն միանա զինադադարին, եթե այն չի տարածվում «Ջեբհաթ ան Նուսրայի» վրա, Բոգդանովը հայտարարել է. «Նշանակում է՝ ռմբակոծելու ենք»:
«Ես կարծում եմ՝ ԱՄՆ-ի հետ միասին կռմբակոծենք բոլոր նրանց, ովքեր չեն միանա հրադադարին: Դա կա նաև մեր համատեղ հայտարարության մեջ»,-ասել է նա:









































