Մինչ Հայաստանում բուռն կերպով քննարկում էին հայ-իրանական հարաբերությունների խորացման հեռանկարները, նոր զարգացումներ են ապրում Իրանի հարաբերությունները մեր «ոխերիմ հարևան» Ադրբեջանի հետ՝ ի հեճուկս այն կարծիքների, թե Իրանի համար Հայաստանն է դառնալու միջազգային շուկայի հետ կապող կամուրջը, ոչ թե Ադրբեջանը:
Շրջանցելով Հայաստանը
Փետրվարի 23-ին պաշտոնական այցով Իրան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանդիպելով թե՛ նախագահ Հասան Ռուհանիի և թե՛ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Խամենեիի հետ հանդիպման փաստն, ի դեպ, փորձագետների խոսքով՝ բավական հատկանշական է, քանի որ Իրան այցելած ոչ բոլոր պաշտոնյաներն են հյուրընկալվում հոգևոր առաջնորդի կողմից: Իրանի և Ադրբեջանի նախագահներն արդեն 4 անգամ փոխայցելություններ են կատարել՝ այն դեպքում, երբ Իրանի նախագահը դեռևս ոչ մի անգամ չի այցելել Երևան:
Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են 11 փաստաթուղթ, որոնք վերաբերում են տարբեր բնագավառներում փոխհարաբերությունների զարգացմանը՝ մաքսային և առողջապահության ոլորտներում համագործակցությունից մինչև էներգետիկա և տրանսպորտ: Սրանց մի մասը համաձայնագրեր են, մյուս մասը՝ հուշագրեր: Առանցքային պայմանավորվածությունն, անշուշտ, վերաբերում է Իրանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցերի միավորմանը: Հասան Ռուհանին Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Մինչև տարեվերջ ականատեսը կլինենք Ադրբեջանի հարավն ու Իրանի հյուսիսը կապող (Աստարա-Իրան) երկաթուղային կամրջի նախագծի նշանակալի առաջընթացի»:
Ըստ նախագծի՝ իրանական երկաթուղին հյուսիսային Ռեշդ քաղաքից պիտի միանա ադրբեջանական Աստարային, որտեղից արդեն գործող երկաթգիծ կա դեպի վրացական Բաթում: Այսպիսով կարող են միավորվել Պարսից ծոցի և Սև ծովի ավազանները: Բաքվում այս գործարքն արդեն հասցրել են անվանել «Սարգսյանի՝ Պարսից ծոցի պարտությունը», քանի որ Հայաստանը ևս հույս ունի Իրանի միջոցով միանալ Պարսից ծոցի հարուստ շուկային: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ նույնիսկ խորհրդակցություն էր անցկացրել նախարարների և Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ և հետաքրքրվել, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար՝ պատժամիջոցների չեղարկումից հետո:
Լավատեսական
Հայ փորձագետները, սակայն, ամենևին էլ ճակատագրական չեն համարում իրանա-ադրբեջանական այս պայմանավորվածությունը: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը, մասնավորապես, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները որևէ կերպ չեն կարող խոչընդոտել հայ-իրանական տնտեսական կապերի խորացմանը: Իրանն ու Ադրբեջանը, փորձագետի խոսքով, բարեկամական հարաբերություններ ունեն զուտ դիվանագիտական մակարդակում, բայց գործնականում նրանց միջև փոխադարձ խորը անվստահություն կա, որը կասկածի տակ է դնում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը:
«Իրան-Ադրբեջան երկաթգիծը չի խանգարում մեզ: Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա մինչև Պարսից ծոց գնալ, նույն հնարավորությունը մենք կունենանք»,- ասաց Էմմա Բեգիջանյանը:
– Տիկին Բեգիջանյան, Իրան-Ադրբեջան հարաբերությունները որքանո՞վ են հեռանկարային՝ համեմատած Հայաստան-Իրան հարաբերությունների հետ:
– Իրան-Ադրբեջան առևտրաշրջանառության ծավալը կազմում է ընդամենը 500 միլիոն ԱՄՆ դոլար, եթե մի կողմ թողնենք նավթագազային եկամուտները: Իսկ նավթի ու գազի հետ միասին անցնում է 1 միլիարդը: Իհարկե, հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալը 300 միլիոնի սահմաններում է: Եթե համեմատենք, Իրան-Ադրբեջան համագործակցության ներուժն ավելի մեծ կարող է լինել: Բայց ես միշտ այսպես եմ ասում՝ դիվանագիտական առումով, լեզուներով նրանք շատ մոտ են, հարազատ, բայց գործնականում այդպես չէ: Օրինակ՝ Ռուհանիի՝ նախագահ դառնալուց հետո Իրանի և Ադրբեջանի նախագահներն արդեն 4 անգամ փոխայցելություններ են կատարել, երկու երկրներ են այցելել շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ, բայց իրականում որևէ տեղաշարժ չի եղել:
Այդ այցին զուգահեռ՝ նույն օրը Թավրիզում տեղի ունեցավ գիտաժողով՝ Ադրբեջան-Իրան փոխհարաբերությունների թեմայով, որտեղ հիմնականում բացասական բաներ ասվեցին այդ հարաբերությունների չզարգանալու մասին, դարձյալ քննադատվեցին Նարդարանի դեպքերը: Գիտնականներից մեկը, անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների պատմությանը 1991-ից ի վեր, նշել է, թե որքան է Իրանը օգնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ընթացքում, տարբեր տեսակի նյութական աջակցություն է ցուցաբերել, բայց փոխհարաբերությունները պատշաճ մակարդակի չեն:
Իրանա-ադրբեջանական փոխհարաբերություններն, ինչպես ասացի, դիվանագիտական տեսանկյունից եղբայրական են, բայց գործնականում հարաբերություններն ընթանում են փոխադարձ անվստահության մթնոլորտում. ադրբեջանցիները վախենում են կրոնականների՝ շիայական շարժումներից, պարսիկներն էլ՝ ադրբեջանական քարոզչությունից: Այս առումով դժվար է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բարեկամական համարել:
– Մեզ մոտ ոգևորությամբ խոսում էին, թե պատժամիջոցների վերացումից հետո նոր հեռանկարներ են բացվում հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար, մասնավորապես կարող է կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին, և հանկարծ հայտարարվում է, որ Իրան-Ադրբեջան երկաթուղին կարող է կառուցվել մինչև տարեվերջ: Ինչպե՞ս բացատրենք սա:
– Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը տեխնիկապես ավելի հեշտ է: Իրանցիները զուգահեռ խոսել են այս երկու նախագծերի մասին: Կրկնում եմ՝ փաստաթղթեր շատ են ստորագրվել, բայց որքանով է իրական, որ դրանք կյանքի կկոչվեն, հարցական է՝ Իրան-Ադրբեջան սուր ելևէջներով փոխհարաբերությունների ֆոնին: Պարզապես շատ հաճախ զուգահեռ նախագծեր են առաջ քաշում, որպեսզի շատ քննադատության չենթարկվեն: Ասենք, եթե այս հարցը քննարկում են Հայաստանի հետ, նման մի բան քննարկում են նաև Ադրբեջանի հետ. եթե Հայաստանում ՀԷԿ են կառուցում, նույնը անում են Ադրբեջանում:
Իհարկե, Հայաստանում ոգևորությունը մի քիչ չափազանցված էր, անտեղի:
– Իրան-Հայաստան երկաթուղին, փաստորեն, այլևս հեռանկար չունի՞:
– Իրան-Ադրբեջան երկաթգիծը չի խանգարում մեզ: Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա մինչև Պարսից ծոց գնալ, նույն հնարավորությունը մենք կունենանք: Մեզ համար միշտ հեռանկարային է: Մենք կարող ենք հասնել մինչև Պարսից ծոց, Չինաստան: Մեկը մյուսին չի խանգարում:
– Եթե կառուցվում է Իրան-Ադրբեջան երկաթուղին, այդ դեպքում ինչո՞ւ պիտի Իրանը շահագրգրռված լինի կառուցելու նաև երկաթգիծ դեպի Հայաստան:
– Հայաստանը Իրանի համար վստահելի գործընկեր է: Իրանը նախ՝ կունենա այլընտրանք, երկրորդ՝ կարծում եմ, որ Իրանն ավելի շատ շահագրգիռ է կառուցելու հայկականը, պարզապես Իրան-Հայաստան երկաթուղին շատ ծախսատար նախագիծ է: Մյուս կողմից՝ Հայաստանի երկաթգիծը Ռուսաստանի ձեռքին է: Այդ պատճառով իրանցիները երկուսն էլ անում են՝ ելնելով իրենց շահերից:
– Իրան-Ադրբեջան հարաբերությունները որքանո՞վ կխանգարեն հայ-իրանական տնտեսական գործակցությանը:
– Ոչ մի կերպ չեն խանգարի: Իրան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող ծաղկել և զարգանալ փոխադարձ անվստահության պայմաններում: Հիմնականում իսլամական գործոնն է նրանց եղբայրացնում դիվանագիտական, բարիդրացիական առումով:
Հայ-ադրբեջանական պայքար Իրանի համար
Հարևան Իրանի այս քաղաքականությունն իրականում նորություն չէ: Իրանցիները մշտապես գործել են արևելյան դիվանագիտության լավագույն ավանդույթներով՝ ձգտելով ամեն կերպ հավասարակշռություն պահպանել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Օրինակ՝ եթե Իրանի պաշտպանության նախարարը ժամանակին Բաքվում հայտարարում էր, թե Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույն ժամանակ Իրանի խորհրդարանի ղեկավարը Երևանում ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու: Իրանը այսօր էլ ուզում է միջնորդի դեր խաղալ ղարաբաղյան հարցում: Երկաթուղու հարցի շուրջ զարգացումները հենց այս դիվանագիտության համատեքստում պետք է դիտարկել, և իսկապես չի բացառվում, որ Ռուհանին հայտարարի Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցման մասին՝ որպես այլընտրանք կամ հայ-իրանական հարաբերությունները հավասարակշռելու ձև: Թեև մյուս կողմից՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հավանականությունը երբեք էլ բարձր չի եղել և չի բարձրացել անգամ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո: Մի շարք կարևոր գործոններ խոչընդոտում են դրան: Առաջինը ֆինանսական միջոցների բացակայությունն է, երկրորդը՝ Հայաստանի երկաթուղային ցանցերը տնօրինում է Ռուսաստանը, որին, բնականաբար, չի ուրախացնում Իրանի տնտեսական-քաղաքական մուտքը տարածաշրջան: Փոքր-ինչ հուսադրող է միայն Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը, որ մոտ ապագայում Իրանից փորձագետների և մասնագետների պատվիրակություն է գալու Հայաստան՝ երկաթուղու կառուցման տնտեսատեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու նպատակով:







































