ԱՄՆ կառավարությունը թերահավատորեն է վերաբերվում նավթի արդյունահանման մակարդակի սառեցման գաղափարին՝ կարծելով, որ շուկան ինքնուրույն կկարգավորվի: Այս մասին RIA Novosti-ին ասել է ԱՄՆ Պետդեպի էներգետիկայի ոլորտում միջազգային հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական Ամոս Հոխշթեյնը:
Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը մշտապես փոխգործակցում է նավթի ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների հետ:
Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Վենեսուելան պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը: Բայց արդեն հինգշաբթի Սաուդյան Արաբիան հրաժարվել է այդ պայմանավորվածություններից:
«Ես շատ թերահավատորեն եմ վերաբերվում սառեցման այդ գաղափարին: Իրանն արդեն ասել է, որ իրենք չեն միանա այդ միտումին, այնպես որ, կարծում եմ՝ գաղափարն անցել է»,- հավելել է նա:










































