Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը կօգնի հաղթահարել բռնությունն ու հանգեցնել իր երկրում իրադրության խաղաղ կարգավորմանը:
«Մենք ողջունել ենք ռուս-ամերիկյան համագործակցությունը՝ ելնելով այն բանից, որ աջակցում ենք ցանկացած ակցիա, որը կնպաստի բռնության դադարեցմանը»,-հայտարարել է Ասադը:
Սիրիացի առաջնորդը, սակայն, կասկածում է, թե բոլոր արևմտյան երկրներն են ցանկանում, որ Սիրիայում հակամարտությունը քաղաքական լուծում ստանա. «Ես չեմ կարծում, թե ուժերը, որոնք աջակցում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը, իսկապես ձգտում են դրան, այդ իսկ պատճառով նրանք միանգամից բացասաբար են արձագանքել՝ մերժելով ցանկացած երկխոսություն սիրիական պետության հետ: Մենք աջակցում ենք խաղաղ ջանքերը, սակայն իրատես մնում՝ գիտակցելով, որ այդ ուժերն ամեն տեսակի ճնշում կգործադրեն՝ խափանելու քաղաքական կարգավորմանն ուղղված կոնֆերանսը»,- ընդգծել է Սիրիայի նախագահը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:









































