ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն ԱԺ լիագումար նիստում հանդես եկավ ելույթով:
«Սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը թևակոխեց նոր փուլ: Մենք ապրում ենք այլևս նոր իրողության պայմաններում, որն ունի իր պահանջները և մարտահրավերները: Ելնելով այդ պահանջներից՝ աստիճանաբար ձևավորվելու է նոր քաղաքական օրակարգ: Այդ իմաստով կարևոր իրադարձություն էր փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթը: Դա պետության առաջնորդի հայեցակարգային ելույթ էր, որը կետ առ կետ անդրադառնում էր մարտահրավերներին և ինչու չէ նաև մեր բացթողումներին: Հստակ էր ազդակը, որ Հանրապետության ղեկավարը, Հանրապետականը հասարակական քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տեսնում է փոփոխությունների անհրաժեշտություն:
Կարևորվեց բարեփոխումների անցկացման ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհը, ինչպես դա արել են մեր օրերի զարգացած, ժողովրդավարական երկրները: Հստակ է, որ ժողովրդավարական ազատությունները, ինչպես նաև բազմակարծությունն այլընտրանք չունեն: Ակնհայտ է, որ նոր քաղաքական օրակարգի պայմաններում շեշտակիորեն բարձրանալու է կուսակցությունների դերն ու նշանակությունը: Այն դրական երևույթ է քաղաքական մշակույթի ամրապնդման ուղղությամբ, քանի որ առաջին պլան կմղվի ոչ թե ներանձնային, այլ ծրագրային և գաղափարական պայքարը: Մենք մերժում ենք անձերի միջև պայքարը, փոխարենը կողմնակից ենք ազատ, հրապարակային բանավեճերին, որի արդյունքում մեր հասարակությունը հնարավորություն կունենա հստակ պատկերացում կազմելու յուրաքանչյուր կուսակցության գործունեության և գաղափարների մասին:
Իշխանությունը և Հանրապետականը ևս մեկ անգամ հստակ նշեցին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական անկյունաքարը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այսինքն՝ Արցախի ժողովուրդը պետք է ինքը լինի իր ճակատագրի դարբինը: Այլ լուծումներ չկան և չեն կարող լինել»:









































