Արդեն մոտ ապագայում համակարգչային ծրագրերը կսովորեն ընդունել դատական որոշումներ: Ընդ որում՝ գիտնականներն ասում են, որ էլեկտրոնային դատավորները դատավճիռ կկայացնեն շատ ավելի անաչառ և հիմնավորված, քան մարդիկ, հաղորդում է Vesti-ն:
Մարդը չի կարող լիովին անաչառ լինել: Հետազոտությունը ցույց է տվել, որ դատավորների վճիռների վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանեկան խնդիրները, առողջական վիճակը և նույնիսկ դատից առաջ կերած սնունդը:
Ինչպես հաղորդում է New Scientist-ը, այդ խնդիրը կարող են լուծել համակարգիչները: Ծրագրային միջոցներն արդեն լուրջ դեր են խաղում իրավական դաշտում: Հավելվածներն ակտիվորեն կիրառվում են խոշոր գործարքների ժամանակ իրավաբանական փաստաթղթերի մշակման համար: Արհեստական ինտելեկտի օգտագործումն արդարադատության ոլորտում շատ ավելի կարևոր քայլ է: Դա ավտոմատացված համակարգ ստեղծելու նախագիծ է, որ ի վիճակի կլինի մշակել շատ ավելի բարդ տրամաբանական փաստարկներ:
Նախորդ տարի Մյունխենի Ֆարնունգոֆեր համալսարանից Թոմ Գորդոնը Init գերմանական ընկերության հետ սկսել է Elterngeld անվամբ համակարգի ստեղծումը, որը կարողանում է ավտոմատ որոշում կայացնել երեխաների նպաստների հայցերի վերաբերյալ: Այն բաց ծածկագրով համակարգ է, ինչն ապահովում է ընդունված որոշումների թափանցիկությունը:
Elterngeld-ը գործում է հետևյալ կերպ` համակարգի մեջ ներբեռնվում է հայտարարություն, օրինակ՝ «ինձ գումար է անհրաժեշտ հնգամյա տղայիս պահելու համար» և գործի առնչությամբ մյուս հավելյալ տեղեկատվությունը: Դրանից հետո համակարգչային օգնականը համեմատում է օրենսդրական ակտերը և վճիռ կայացնում:
Գորդոնն իր համակարգի վեբ-տարբերակը կներկայացնի հունիսին Իտալիայում կայանալիք համաժողովին: Մշակողներն արդեն բանակցություններ են վարում իշխանությունների հետ նոր ծրագրի օգտագործման վերաբերյալ:






































