ԱՄՆ քաղաքացիների համար գլխավոր սպառնալիքներն են ահաբեկչությունը, ցանցահենների և առանձին պետությունների կողմից կիբերհարձակումները, նաև այնպիսի հիվանդությունների հնարավոր տարածումը, ինչպիսին է Զիկա վիրուսը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը Նահանգապետերի ազգային ասոցիացիայի անդամների առաջ ելույթի ժամանակ:
«Այսօր մենք առանձնակի կենտրոնացած ենք 3 սպառնալիքների վրա: Առաջինը և ամենալուրջը ահաբեկչությունն է»,- ասել է Օբաման: Նա հիշեցրել է զինված բռնության վերջին դեպքերի, մասնավորապես՝ Սան Բեռնարդինոյում ահաբեկչության մասին: Նա նաև խոսել է Միչիգան նահանգում դեպքի մասին, որտեղ շաբաթ օրը Uber տաքսու առցանց-պատվերի ծառայության վարորդը սպանել է 6 մարդու և վիրավորել 2-ին:
Նրա խոսքով՝ ներկայումս դաշնային իշխանություններն ակտիվորեն աշխատում են այլ երկրների հետ, որպեսզի ծայրահեղականները չներթափանցեն ԱՄՆ տարածք: «Մենք պետք է զգոն մնանք»,- նշել է նա:
ԱՄՆ-ի համար սպառնալիք են ներկայացնում նաև ցանցահենների և առանձին պետությունների կողմից իրականացվող կիբերհարձակումները «մեր զինվորականների, ընկերությունների, կառավարության և նահանգներում պետական հաստատությունների դեմ»: Օբաման նշել է, որ դրանից կարող են տուժել ինչպես ԱՄՆ ենթակառուցվածքները, այնպես էլ ամերիկացիների անձնական տվյալները:
«Վերջապես, մենք պետք է զգոն լինենք, երբ խոսքը նաև հիվանդությունների տարածման մասին է»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հիշեցնելով Զիկա վիրուսի մասին, որին բախվել են Արևմտյան կիսագնդի որոշ պետությունների բնակիչներ: Օբաման հավաստիացրել է, որ ներկայումս ԱՄՆ-ում այդ հիվանդությամբ վարակվելու դեպքի մասին որևէ տեղեկություն չկա, սակայն նշել է՝ «մենք այդ հիվանդության դեմ կպայքարենք բոլոր մակարդակներում բոլոր միջոցներով»:











































