Առաջիկայում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կքննի Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի տղայի` Սերգեյ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի տղայի դեմ քրեական գործ է հարուցվել նախագահական ընտրություններում դիտորդ Նարինե Իսմաիլի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու առթիվ: Ըստ դատախազության` Սերգեյ Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն:
Արտաշատի քաղաքապետի տղային ներկայացված մեղադրանքը Հայաստանում, կարելի է ասել, աննախադեպ է, քանի որ սովորաբար ո՛չ պաշտոնյաներին, ո՛չ նրանց երեխաներին նման մեղադրանքներ չեն առաջադրվում, այն էլ` ընտրությունների մասով: Ընտրություններից հետո մամուլում տեղեկություններ եղան, որ նախագահական ընտրություններից հետո ընդհարում է եղել Հովիկ Աբրահամյանի եղբոր ու Արտաշատի ներկա քաղաքապետի միջև: Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր տղային է ուզում տեսնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Դա ընդամենը խոսակցություններ ա, որը ևս լրագրողներից է դուրս գալիս: Էստեղ նման խոսակցություններ դեռ չեն քննարկվել: Էդ դեռ հարց է` Հովիկ Աբրահամյանի տղեն կուզի՞ քաղաքապետ լինի, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ հայտարարեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ)` հավելելով. «Քաղաքապետի տղան այնպիսի բաներ չի արել, որ մեղադրանք են առաջադրել հենց նրա համար, որ քաղաքապետի տղան է: Դատարանը որոշում կկայացնի, կիմանաք»: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի տղան մարզպետ է ուզում լինել, Բարսեղյանը հայտարարեց. «Ավելի լավ, իսկ ի՞նչ վատ կլինի: Ինչո՞ւ եք Հովիկ Աբրահամյանի անունը այսքան շահարկում»:
Երբ մի քանի տարի առաջ Էդիկ Բարսեղյանը նշանակվեց Արարատի մարզպետ, խոսք էր գնում այն մասին, որ այսպիսով չեզոքացվում է Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում: Հետաքրքրվեցինք, թե այժմ հնարավո՞ր է հակառակ պրոցեսն է, եթե իր պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառվում: «Բայց ումի՞ց են շրջանառվում` ձեզնից: Ես հարաբերվում եմ և Հովիկ Աբրահամյանի հետ, և կառավարության հետ, և նախագահի աշխատակազմի հետ, որևիցե անգամ նման հարց էնտեղ չի քննարկվել: Էդ որտեղի՞ց եք վերցնում էդ պաշտոնանկությունը»: Մեր հիշեցմանը, թե ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ առաջիկայում կքննարկվի մարզպետների հարցը, Բարսեղյանը հակադարձեց. «Երբ որ կազատվեմ, էն ժամանակ կգրեք»: Կարծում եք` հանիրավի՞ է Ձեր անունը շրջանառվում` հարցրեցինք մենք: «Իմ անունը շրջանառվում է միայն լրագրողների կողմից: …Որ ես շատ ծանր պիտի տանեմ, դա բացառվում է, ոչ էլ անհանգստանում եմ: Պաշտոնը հորս տնից չեմ բերել»:
Արարատի մարզը ևս մասնակի տուժել է վերջին կարկտահարությունից: Մարզպետ Էդիկ Բարսեղյանի խոսքերով` հիմնականում վնասվել են դեղձի ծառերը, խնդիր է լինելու դեղձի որակի հետ կապված, ունենալու ենք կարկտահարված դեղձ: «Ընդհանուր առմամբ, այո, վնասներ պատճառվել է, և որակը բավականին ընկել է բերքի:Մենք խոստացել ենք բնակչությանը, որ առաջնահերթ այդ բերքը մթերելու ենք մթերող կազմակերպություններում 100 դրամ արժեքով: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեմ մթերող գործարանների հետ»,- վստահեցրեց մարզպետը` հավելելով. «Ելակի դաշտերին է մեծ վնաս պատճառվել: Մտածում ենք` ելակի տեղը ինչ կարող են նորից աճեցնել կամ ինչպես կարող են վերականգնել»:
Արարատում ևս գյուղացիները բարձրացրել են գյուղատնտեսական վարկերի սառեցման խնդիրը, սակայն մարզպետն ասում է, որ այդ հարցը դեռ չի հասցրել քննարկել պատկան մարմինների հետ:
Հետաքրքրվեցինք, թե գազի գնի թանկացումը ի՞նչ ազդեցություն կունենա իրենց մարզի վրա: Էդիկ Բարսեղյանը հայտարարեց, թե իրենց մարզում արտագաղթ չկա, կան արտագնա աշխատողներ. «Ինչպես մյուս մարզերում, մյուս բնակավայրերում, ինչպես հանրապետությունում, այնպես էլ մեր մարզում: Գազի թանկացումը բոլորի համար էլ ընդունելի չի, բայց ես գիտակցում եմ, որ էնպես չի, որ Հայաստանում գազ կա, և տրամաբանորեն եմ մոտենում այդ հարցին»:










































