ԱՄՆ-ը անհաջող է համարում Սիրիային հականավային թևավոր «Յախոնտ» հրթիռներ մատակարարելու Ռուսաստանի որոշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Դա անհաջող որոշում է»,-ասել է նա:
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, մեկնաբանելով ԶԼՄ-ների հայտարարությունները, հայտնել էր, որ ԱՄՆ-ը տեղեկություններ չունի Սիրիա ռուսական «Յախոնտ» հրթիռների նոր մատակարարումների մասին:
Նա հիշեցրել է, որ նման տեղեկություն հայտնվել է նաև նախկինում, մասնավորապես՝ 2011 թվականին, և որ ԱՄՆ-ը այն ժամանակ այդ առնչությամբ իր անհանգստությունն էր արտահայտել:
Նշենք, որ New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարության անանուն ներկայացուցիչներին, հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հականավային թևավոր «Յախոնտ» հրթիռների նոր մոդելի խմբաքանակ:








































