ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսային հիմքով՝ առանց քվեարկության, ուրբաթ ընդունել է բանաձև՝ հաջակցություն ֆրանսիական Պոլինեզիայի անկախության գաղափարի, որի կողմնակիցները պարտվել էին այնտեղ մայիսի 7-ին կայացած ընտրություններում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թեև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը կրում է խորհրդատվական բնույթ, ոչ թե պարտավորեցնող, Ֆրանսիան բոյկոտել է օրակարգում այդ հարցի քննարկումը, իսկ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ իրենք հեռու են մնացել կոնսենսուսից:
Բանաձևում ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատում է ֆրանսիական Պոլինեզիայի ժողովրդի ինքնորոշման ու անկախության անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 11-րդ հոդվածի:
Բանաձևի համահեղինակներն էին կղզային պետություններ Նաուրուն, Սոլոմոնյան կղզիներն ու Տուվալուն:











































