Մինչ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը համառորեն հերքում է իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրերը, երեկ հայտնի դարձավ, որ նա հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել: «Հա, ի՞նչ անենք, հարցաքննվել՝ հարցաքննվել եմ»,- երեկ վրդովված պատասխանել է «Հրապարակ»-ի լրագրողին ԲՀԿ-ական նախկին մարզպետը՝ ասելով, որ ինքն իրավունք ունի որևէ հարցի չպատասխանել:
Փաստորեն, գնալով Ձեր հարցը լրջանում է: «Այդ ամեն ինչի մասին հարցրեք ՀՔԾ-ից»,- խորհուրդ է տվել Բագրատյանը: Հիշեցնենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերով, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Նախաքննության ընթացքում, բացի նախկին մարզպետից, հարցաքննվել են նաև մի շարք պաշտոնատար անձինք։







































