Կառավարության գործունեության ծրագիրը, որ հաստատվեց գործադիրի երեկվա նիստում, որևէ առանցքային խնդրի լուծման բանալի կամ ուղղություն չի նախանշում: Ստանդարտ, ոչինչ չասող ձևակերպումներ, որոնք կարելի էր գրել ցանկացած երրորդ աշխարհի կամ հետխորհրդային երկրի ցանկացած տնտեսական ծրագրի տակ (սփյուռքին վերաբերող հատվածը չհաշված):
Օրինակ` որպես «Կառավարության գործունեության հիմնական ուղղություն» գրած է «անվտանգ և ապահով Հայաստան»-ը: Դրա տակ էլ խոսվում է, ասենք, «զինված ուժերի մարտունակության պահպանում ու բարձրացում»-ից, «միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով ՀՀ տնտեսական գործընկերության ընդլայնում»-ից ու «արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում»-ից, «երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում»-ից: Նման բաներ բոլոր երկրներն ու կառավարություններն էլ ուզում են, ոչ ոք իր ծրագրում չի գրի «զինված ուժերի մարտունակության նվազեցում» կամ «արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների փոքրացում»: Նույնը վերաբերում է «Ազատ և արդար Հայաստան», «Մարդկային կապիտալ», «Ինստիտուցիոնալ զարգացում» և այլ վերնագրերով ուղղություններին:

Այդ ընդհանուր ձևակերպումներներում մի միտում, այնուամենայնիվ, նկատվում է` այսպես ասած «բարեփոխումներն» ու «ընդլայնումները», պարզվում է, ոչ թե նոր են սկսվելու, այլ ուղղակի շարունակվելու են: Օրինակ՝ պարզվում է, որ «բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի կայացմանն ուղղված ջանքերը շարունակելու են լինել տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից»: Այ սա արդեն մտահոգիչ է, որովհետև եթե այն, ինչ կատարվեց մեր ներդրումային ու գործարար միջավայրում վերջին 5 տարիներին, շարունակվի, ապա Հայաստանը կարող է ամբողջությամբ զրկվել օտարերկրյա ներդրումներից:
Ինչպես երևում է գրաֆիկից (տվյալները, էջ 502, 503), Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարումից 1-2 տարի հետո Օտարեկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կրճատվեցին մոտ 2 անգամ: Եվ սա` հակառակ այն բանի, որ օրումեջ խոսվում էր Հայաստանի գործարար միջավայրի բարելավման մասին: Անգամ Doing Business ցուցիչով Հայաստանը բարելավեց իր դիրքերը: Եթե Doing Business-2008-ում Հայաստանը 181 երկրկների շարքում 41-րդն էր, ապա Doing Business-2013-ում այն 32-րդն է 185 երկրների շարքում: Հետաքրքիր է, որ անցած տարի հրապարակված Doing Business-ում Հայաստանը ամենամեծ առաջընթացը արձանագրել էր «ներդրումային միջավայր» ենթացուցիչում, սակայն հենց այդ տարի ՕՈՒՆ-երը մոտ երկու անգամ պակաս են եղել` 2008-ի համեմատ, մոտ 1.5 անգամ պակաս` 2009-ի համեմատ և զգալիորեն պակաս` 2011-ի համեմատ: Այնպես որ, հուսանք` կառավարությունը լրջորեն չի զբաղվի իր «բարեփոխումներով» կամ դրանց շարունակականության ապահովմամբ, որի շնորհիվ օտարերկրյա ներդրողները ցանկություն կունենան Հայաստանում ներդրումներ անել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































