Մերձավոր Արևելքն առավել անվտանգ և ապահով դարձնելու ուղղությամբ աշխարհի գերտերությունների բանակցությունները շարունակվում են: Թվում էր, թե Սիրիական ճգնաժամը կավարտվի ԱՄՆ-ի և ՌԴ-ի համաձայնությամբ, որը Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև էր ձեռք բերվել: Կողմերը պայմանավորվել էին մայիսի վերջին կոնֆերանս անցկացնել՝ նվիրված Սիրիայի խնդիրներին: Երկու կողմերը հասատատել էին Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու սկզբունքին հավատարմությունը ու հույս հայտնել, որ հակամարտող ուժերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն այս ամիս սա գերտերությունների ներկայացուցիչների միակ հանդիպումը չէր, և ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանը, գերտերությունների պայմանավորվածությունները սիրիական ճգնաժամի լուծման շուրջ հակասական են, հստակություն չկա:
Քասարջյանը նշեց, որ եթե սիրիական հարցով աշխարհի գլխավոր դերակատար երկրները քաղաքական լուծում առաջարկեին, անպայման արդյունք կտար: Բայց, նրա համոզմամբ, մինչ այսօր բոլոր քաղաքական անցուդարձերը որևէ ազդեցություն չեն ունեցել և չեն մեղմել Սիրիայում շարունակվող պատերազմը, այսինքն՝ ո՛չ զինյալներն են հանձնվել, կանգ առել, ո՛չ պետական զորքերը, ավելին՝ բախումները շարունակվում են:
«Պետական ուժերը վերջին մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես երկրի տարբեր հատվածներում առաջխաղացում են ունեցել, ետ են մղել ազատբանակայիններին: Հոմսի շրջանում, Սիրիայի Արևմտյան հատվածում, որը շատ կարևոր շրջան է, Լիբանանի սահմանի վրա է, հաճախ այնտեղից զինյալներն օգնություն, զինամթերք, մարդկային աջակցություն են ստանում, պետական զորքը առաջ է գնացել: Նույնը կարելի է ասել Դամասկոսի, Հալեպի Արևմտյան և Հարավային շրջանների մասին: Եթե որևէ քաղաքական լուծում չլինի, այդ առաջադիմությունը ժամանակավոր է, որովհետև պատերազմում առաջադիմություններ և նահանջներ միշտ են լինում: Հետևաբար քաղաքական լուծումն է, որ այս հարցի վերջը կարող է դնել, իսկ միջազգային հանրության կարծիքները շատ տարբեր են: Այս իրավիճակում հայտնի դարձավ, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը համաձայնել են սիրիական հարցի շուրջ, և այդ համաձայնության հիման վրա պետք է շարունակել գործակցել ի բարօրություն սիրիական հարցի: Սակայն ավելի ուշ տեղի ունեցավ Քերիի և Բրիտանիայի ԱԳ նախարարի հանդիպումը, որից հետո լուծման լրիվ այլ տարբերակներ հնչեցին: Իսկ երեկ Թուրքիայի վարչապետն է ԱՄՆ-ում հանդիպել այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ»,- նշեց նա՝ եզրափակելով, որ սիրիական ճգնաժամը չի ավարտվի, քանի դեռ աշխարհի կարևորագույն դերակատարները մեկ ընդհանուր քաղաքական լուծում չեն առաջարկել:











































