Կանադայի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբակոծությունները։ Այս մասին ասվում է Կանադայի ՊՆ հայտարարության մեջ ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Կանադայի կառավարության հրամանով երկրի զինված ուժերը դադարեցրել են ավիահարվածներ հասցնելու գործողությունն ընթացիկ տարվա փետրվարի 15-ին»,- նշվում է հայտարարության մեջ։
Առաջիկա շաբաթներին բոլոր վեց F-18 ռմբակոծիչ-կործանիչները և դրանց սպասարկող անձնակազմը կվերադառնան Կանադա։ Երկու հետախուզական և մեկ լիցքավորիչ ինքնաթիռներ կմնան Քուվեյթում կանադական ավիաբազայում և կօգնեն դաշնակիցների ավիացիային։
Կանադան նաև կմեծացնի իրաքյան անվտանգության ուժերի պատրաստմանն ուղղված իր ջանքերը։










































