ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տեղյակ չի եղել ԱՄՆ-ի հարկային ծառայությունում (IRS) կատարված չարաշահումներից, որոնց մասին ասվել է կազմակերպության ներքին զեկույցում, հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ IRS-ը խոստովանել է, որ 2008 թ. հատուկ ստուգումներ է իրականացրել ընդդիմադիր կազմակերպություններում:
«Ես հաստատ ոչինչ չեմ իմացել գլխավոր տեսուչի զեկույցի մասին նախքան դրա պատրաստ լինելը: Ես լիովին համոզված եմ, որ այնտեղ նկարագրված գործողություններն անընդունելի են»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով` վարչակազմը կանի ամեն ինչ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր մեղավոր են IRS-ի կողմից իրականացված գործողությունների համար:
Նախօրեին նախագահը պաշտպանել է IRS-ի ղեկավարի հրաժարականը և պարտավորվել է աշխատել Կոնգրեսի հետ` հարկային ծառայությունների նկատմամբ նոր հսկիչ կանոններ սահմանելու համար:









































