Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի մի շարք գործընկերներ խնդրել են «չդիպչել» թուրք-սիրիական սահմանի մոտ 100 կիլոմետրանոց միջանցքին, ինչն ահաբեկչական խմբերին մատակարարումներ ապահովելու փորձ է։
Զախարովան մանրամասնել է, որ խոսքն Ազեզի մոտ գտնվող թուրք-սիրիական սահմանի 100 կիլոմետրանոց հատվածի մասին է, որով ապահովվում է ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ալ-Նուսրա» և ահաբեկչական մյուս խմբավորումների ամենօրյա մատակարարումները Թուրքիայի կողմից։
Զախարովան հավելել է, որ այդ հատվածով անցնում են զինյալները, ինչպես նաև մատակարարվում է զենք-զինամթերք, սպառազինություն. «Այժմ հասկանալի են նաև թուրքական այն հայտարարությունները, որ Անկարան թույլ չի տա Սիրիայի քրդերի կողմից Ազեզի գրավումը, որը ի հավելումն դրա, պետք է նրանց կողմից ազատագրված սիրիական Միննեխի օդանավակայանի հետ մեկտեղ վերադարձվի «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը, որին ՄԱԿ-ը ճանաչում է որպես ահաբեկչական»։










































