Իրաքում որոտացած պայթյունների շարքի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Ահաբեկիչների համար թիրախ են դարձել շիաները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բաղդադում պայթուցիկներով լցված մի քանի ավտոմեքենաներ են պայթել, ինչը հանգեցրել է 22 մարդու մահվան: Տուժել է մի քանի տասնյակ մարդ: Ահաբեկչություններ իրականացվել են Իրաքի մայրաքաղաքի Սադր և Զաաֆարանիա արվարձաններում: Բացի այդ, Բաղդադի հյուսիսում մահապարտը մոտոցիկլետով պայթեցրել է իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ, ինչի հետևանքով երկու ոստիկան է զոհվել:
Մայիսի 15-ի ցերեկը Քիրկուկ քաղաքում կառավարական շենքի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 10 մարդ:Մոսուլ քաղաքում էլ մեկ ոստիիկան է զոհվել՝ ավտոճանապարհի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Փորձագետները ենթադրում են, որ Իրաքում իրադրության ապակայունացումը կապված է հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ սունիները փորձում են տապալել ալավի նախագահ Բաշար Ասադին:
Նշենք, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկին և նրա կաբինետի զգալի մասը շիաներ են:







































