Անցյալ շաբաթավերջին նախագահի նստավայրում Սահմանադրական փոփոխությունների կենսագործման մասին Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթի առանցքային թեմաներից մեկը տնտեսության առջև ծառացած մարտահրավերներին էր նվիրված։ Սերժ Սարգսյանն այս առթիվ ասում է. «Երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է»։ Այս հայտարարությունն, ըստ ամենայնի, Հայաստանի նախագահի հերթական «նոու-հաուներից» է, կամ այլ կերպ ասած՝ հերթական բլեֆներից:
Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանալու համար այսպիսի ելույթների կարիք չունի: Զարգանալու համար տնտեսությանը անհրաժեշտ են ավելի պարզ բաներ: Օրինակ` անհրաժեշտ է, որ երկրի նախագահի պաշտոն զբաղեցնող մարդու եղբայրը ամեն մի բիզնեսի մեջ ավտոմատ փայատեր չդառնա, անհրաժեշտ է, որ այս կամ այն օլիգարխը Դուբայում չնստեն իրար կողքի և արևային լոգանք ընդունելով չորոշեն, թե ով է Հայաստանում այս կամ այն ապրանքը բերելու, այս կամ այն ոլորտում ով ինչ քվոտա է ունենալու և այլն:
Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ոչ թե նախագահական նստավայրում հատուկ ելութներ, այլ պարզ քայլեր: Անհրաժեշտ է բիզնեսի և իշխանությունների տարանջատում, որպեսզի նվազեն կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի պետական բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց որդիները չդառնան հաջողակ բիզնեսմեններ, իսկ պետական լծակներն էլ չծառայեցնեն այդ բիզնեսների զարգացման համար, որպեսզի երկրի արտաքին քաղաքականությունը չորոշվի ըստ այդ բիզնեսների կորպորատիվ և կոմերցիոն շահերի, այլ ձևավորվի պետության ռազմաստրատեգիական առաջնահերթությունների հիմքով:
Տնտեսության զարգացման համար հարկավոր է, որ երկրում գործի անկախ դատական համակարգ, որը երկրում առկա տնտեսական վեճերը կկարգավորի ոչ թե ըստ կողմերի կարգավիճակի և ֆինանսա-ուժային կարողությունների, այլ ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների: Որևէ երկրում չի կարող տնտեսություն զարգանալ, եթե այդ երկրում չկա անկախ դատական համակարգ և սեփականության երաշխավորման ինստիտուցիոնալ հիմքեր: Տնտեսական հեռանկարների համար հարկավոր է, որ երկրում գործի հակամենաշնորհային օրենսդրություն, որ արհեստական մենաշնորհները չեզոքացվեն, օլիգոպոլիաները չեզոքացվեն, իսկ բնական մենաշնորհները վերահսկվեն խստորեն` ի շահ քաղաքացիների, ի շահ փոքր ու միջին բիզնեսի: Տնտեսություն զարգացնելու համար հարկավոր է, որ հարկային կառույցը ըստ էության ուժային կառույցի վերածված լինելու փոխարեն, չդառնա բիզնեսի գլխին պատուհաս և պետական ռեկետի գործիք, իսկ այդ կառույցն էլ գլխավորեն անշահախնդիր պետական պաշտոնյաները, ոչ թե օլիգարխներն ու բիզնեսմենները, որոնք իրենց պաշտոնն առաջին հերթին ծառայեցնում են մրցակիցների հանդեպ առավելություն ստանալու համար:
Տնտեսական զարգացման համար շատ քիչ բաներ են անհրաժեշտ, որոնք սակայն չեն արվում: Անհրաժեշտ է, որ այսպես ասած` քաղաքական լոյալություն չունեցող գործարարները չդառնան հետապնդումների զոհ, որ ոստիկանությունն ու օպերատիվ մյուս մարմինները չդրվեն այդ գործարարներին «դարձի բերելու» գործի վրա: Անհրաժեշտ է, որ ստեղծվեն ազատ գործունեության պայմաններ, որպեսզի հասարակությունը կարողանա իրացնել իր ստեղծագործական պոտենցիալը: Անհրաժեշտ է, որ հայկական բուհերում, մասնավորապես տնտեսագիտական համալսարանում պսեվդոգիտնական պաշտոնյաների դատարկ ատենախոսությունների պաշտպանների խուլիգանական ջոկատների փոխարեն, պատրաստվեն տնտեսագիտական ժամանակակից մտքին հաղորդակից մասնագետներ, որոնք Հայաստանը կապահովեն արդիական տնտեսական գաղափարներով:
Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ սփյուռքահայերին չխաբեն ու դիտարկեն զուտ որպես «կթու կով», այլ շահագրգռեն նրանց հայրենիքում բիզնես դնելու համար: Այլապես այսօր հայրենիքում բիզնես են դնում կամ ճարահատյալ սիրիահայերը, ինչի արդյունքը լինում է այն, որ ավելի հաճախ են սկսում մտածել Հայաստանից գնալու մասին, կամ էլ Ռուսաստանի մեծահարուստ հայերը, որոնք, այսպես ասած, օգտվում են որոշակի անձեռնմխելիությունից` նկատի ունենալով, որ նրանք հանդիսանում են Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության խողովակներից մեկը և այսպես ասած` պաշտպանված են Կրեմլով:
Շատ պարզ բաներ են անհրաժեշտ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որոնք սակայն չեն կատարվում: Եվ քանի որ այդ պարզ քայլերը չեն կատարվում, քանի որ ըստ էության հենց այդ չկատարման վրա է հենված ներկայիս իշխանական համակարգը և կատարելը կնշանակի զրկել ինքզինքը արտոնյալ և ամենակուլ կարգավիճակից, հրապարակ են նետվում «հատուկ» կարգավիճակների վերաբերյալ մոգոնումները: Դրանց տակ չկա որևէ իրատեսական հիմք, որովհետև «հատուկ» կարգավիճակները ցանկացած տնտեսության հաջորդ քայլը կարող են լինել միայն, այսինքն` կարող են աշխատել առաջին ու վերը թվարկված պարզ քայլերը կատարելուց հետո:
Նորածինը նախ պետք է առաջին քայլերն անի, սովորի պարզ քայլքը, որ հետո միայն կարողանա մարզվել ու հավակնել արգելափակոցներով վազքի օլիմպիական չեմպիոնի: Երբ նա դեռ բարուրում, ծնողները խոսում են օլիմպիական ոսկու մասին, ապա դա լավագույն, անմեղ պարագայում սուրճի մրուրի վրա գուշակության է հավասար, կամ էլ պարզապես հավասար է ունկնդրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի: Ո՞րն է Հայաստանի իշխանությունների պարագայում` արդեն կարևոր չէ, որովհետև առավել կարևորը առաջին քայլերն են, որոնք սակայն չեն կատարվում: Իսկ դրանց փոխարինող բլեֆների մոտիվացիոն հիմքերը արդեն հետաքրքիր չեն:










































