Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ, Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանի ուսանող Արմեն Մուրադյանին, ով մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, այսօր գտել են Դիլիջանում: Գետափում իսկական իրարանցում էր, հավաքվել էին ընկերները, բարեկամներն ու հարևանները՝ այս օրերի շոկից դեռ դուրս չեկած և ուրախությունից հուզված: Արմեն Մուրադյանի մայրը՝ Անահիտն, ասաց, որ որդին միայն հասցրել է ասել. «Մամ, լավ եմ»։ «Ուրիշ ոչ մի բան… բերեցին մեզ ցույց տվեցին և տարան ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հարցաքննության»,- ասաց մայրն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Ի դեպ, ըստ մեր ունեցած հավաստի տվյալների, որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, տղան պարզապես գնացել է աղջիկների հետ «լավ» ժամանակ անցկացնելու, և քանի որ բավական մեծ գումար է վատնել, իրեն վատ է զգացել ու չի ուզել տնեցիներին այդ մասին հաղորդել:
Տան մոտ հավաքված ընկերներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»:
Մեր ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ քանի որ բավական մեծ գումար էր ծախսել և հետո մտածել, թե ինչպես պետք է տանն ասի այդ մասին, դա էլ ավելի էր սթրեսի մեջ գցել տղային: Ի դեպ, ընտանիքի մյուս անդամները նույնպես դեռ չեն հասցրել նրա հետ խոսել:
Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցեցին, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առևանգել էին:
Մայրը խոստացավ, որ որդին հենց «պատրաստ» լինի, կխոսի:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Արմենին տեսել էին Շրջանայինում, առավոտյան 10-ի սահմաններում:
Ընկերոջ հավաստիացմամբ՝ եթե Արմենն ինչ-որ խնդիրներ ունենար, ընկերներն ու ավագ եղբայրը կիմանային, բայց նա ոչ մեկին ոչ մի նման բան չի պատմել:









































