Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ այսօր հանդիպել են ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասել է, որ հաղթողներն ընտրվելու են անհատական հարցազրույցների հիման վրա` բուհերի ու դպրոցների ներկայացրած 10-ական հավակնորդներից: Նախատեսված են 7 անվանակարգեր` գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ (I և II կարգեր), լավագույն մագիստրանտ (I և II կարգեր), լավագույն բակալավր (I և II կարգեր), լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսին, իսկ մինչև 1200 դոլարին համարժեք դրամի մրցանակները կհանձնվեն հոկտեմբերին: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը:











































