Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին կուժեղացնի 5 ռազմանավով՝ գրում է Independent-ը։
Պարբերականի տվյալներով՝ ռազմանավերի թվում է նաև թագավորական ռազմածովային ուժերի HMS Iron Duke նավը։ Դրանք ծառայություն կիրականացնեն Բալթիկ, Հյուսիսային և Միջերկրական ծովերում, ինչպես նաև Հյուսիսային Ատլանտիկայում։ Նավերի վրա ծառայության կուղարկվի 530 մարդ։
«ՆԱՏՕ-ում մեր ընդլայնումը հզոր ազդանշան է ուղղում մեր թշնամիներին այն մասին, որ մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած սպառնալիքի և պաշտպանելու մեր դաշնակիցներին։ 2016 թվականին հատուկ ուշադրություն կդարձվի Բալթյան տարածաշրջանին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։
Հավաքական պաշտպանության և ՆԱՏՕ-ի զսպման քաղաքականությունը, ինչպես նաև մի շարք այլ «թեժ» թեմաներ Հյուսիսատլանտյան դաշինքի 28 երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն այսօր Բրյուսելում սկսվող՝ այս տարվա առաջին երկօրյա հանդիպման ժամանակ։










































