Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան անձանց կոչ է արել ջանքեր գործադրել տնտեսության ամրապնդման համար։
Խամենեին այդ հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության 37-ամյակի կապակցությամբ զինվորականներին հղած ուղերձում։ Խամենեին հայտարարել է. «Երկրի տնտեսության ամրապնդումը կհանգեցնի տնտեսական խնդիրների վերացմանը, ինչպիսիք են գործազրկությունը, արտադրության անկումն ու ինֆլյացիան»։
Խամենեին պաշտոնատար անձանց նաև կոչ է արել ռեսուրսներն ուղղել ներքին արտադրությանն ու խուսափել ներկրումից։ Նա մասնավորապես Իրանի համար ամոթալի է համարել մրգեղեն ներկրելը։
Խամենեին խոսել է նաև փետրվարի 26-ին երկրում պլանավորված խորհրդարանական ու Փորձագետների խորհրդի ընտրությունների մասին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ անելով զերծ մնալ քաղաքական խմբերի օգտին կամ դեմ ընտրական կամպանիային մասնակցելուց։










































