ԱՄՆ Վիրջինիա նահանգի երկու 7-ամյա աշակերտների թույլ չեն տվել դասերին ներկայանալ այն բանից հետո, երբ ուսուցիչները տեսել են, թե ինչպես են խաղի ընթացքում նրանք մատիտները որպես «հրազեն» գործածում:
Այս տեսնելով՝ուսուցիչները երեխաներին տարել են տնօրենի մոտ՝ «պրոֆիլակտիկ» զրույցի համար, որից հետո երկուսին էլ մի քանի օրով զրկել են դասընթացներից: Այս մասին հաղորդում է RT-ն:
«Ուրբաթ օրը 12:30-ին ինձ զահգահարեցին Քրիստոֆերի դպրոցից,- ասել է երեխաներից մեկի մայրը:- Նրա ուսուցիչն ինձ ասաց, որ Քրիստոֆերն ընկերոջ հետ էր խաղում, և նրանք փորձել են «կրակել միմյանց վրա» մատիտներով: Ես հարցրեցի՝ մատիտներով նրանք նշանառության տակ առնում էին այլ երեխաների՞ կամ իրենց թշնամաբա՞ր էին պահում: Ուսուցիչն ասաց՝ ո՛չ»:
Մայրը նաև հավելել է, որ երեխան դողում էր վախից և չէր հասկանում, թե ինչն է սխալ արել:
Քրիստոֆերի ծնողները հայտարարել են, որ դպրոցը շատ խիստ է երեխաների հանդեպ, և դա իրենց դուր չի գալիս: Մյուս երեխայի ծնողները ևս դատապարտել են այս քայլը:









































