Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, որը երկուշաբթի է ստանձնել պարտավորությունները, հայտարարել է դաշինքի սահմաններից դուրս անվտանգության իրավիճակին առնչվող անհանգստության մասին:
Եվրոպայում ԱՄՆ օդային ուժերի նախկին հրամանատարը դարձել է թվով 17-րդ ամերիկացի սպան, որը զբաղեցրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը: Այսօր նա պաշտոնապես այդ պաշտոնում փոխարինել է իր հայրենակից, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին:
«Մեր դաշինքի սահմաններում մեզ ուրախացնում է կայունության աննախադեպ մակարդակը, սակայն մեր սահմաններից դուրս նկատվում է անկայունություն ու անվտանգության բացակայություն»,- ասել է Բրիդլավը՝ Բելգիայի Մոնս քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության շտաբի մամլո ծառայությունում հայտնել են, որ որպես գլխավոր հրամանատար, գեներալ Բրիդլավն իր հիմնական առաջնահերթությունն է անվանել ՆԱՏՕ-ի պատրաստվածության ապահովումը՝ ուղղված մոբիլ, պատրաստված և համագործակցող ռազմական ուժերով խնդիրների ու ապագայի մարտահրավերների լուծմանը:









































