Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները որոշել են, թե ով կներկայացնի իրենց մերձավորարևելյան երկրում իրադրության կարգավորմանն ուղղված ապագա միջազգային համաժողովում:
ԱՊԼ ղեկավարի խոսքով՝ համաժողովին Բաշար Ասադի ռեժիմը ներկայացնող մասնակիցների ցուցակը փոխանցվել է Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նաբիլ Ալ-Արաբին Կահիրեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է սիրիական խնդրի հանդեպ Ռուսաստանի մոտեցումներում առկա մի քանի փոփոխություններ: «Ռուսաստանի մոտեցումներում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Սկզբում նրանք կարծում էին, որ Ասադն, անշուշտ, պետք է լինի անցումային կառավարության մաս: Այժմ նրանք կարծում են, որ Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»:
Նշենք, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովի գումարման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիսի 7-ին,Մոսկվայում՝ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ:












































