Anonymous միջազգային հաքերային խմբի ներկայացուցիչները Twitter-ում հաղորդել են Հյուսիսային Կորեայի կայքերի դեմ իրականացրած հարձակման մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հարավկորեական Renhap գործակալությանը:
Խումբը միկրոբլոգների ծառայության @AnonyOpsKorea էջում հայտնել է, որ իրենց հաջողվել է կոտրել հյուսիսկորեական «Կորեայի ձայնը» ռադիոկայանի կայքը: Հաքերները հրապարակել են ռադիոկայանի կայքի գլխավոր էջի լուսանկարը, որի վրա գրված է՝ «Կոտրված է»:
Հաքերները հաղորդել են նաև, որ կիբերհարձակումներ են իրականացրել հյուսիսկորեական քարոզչական uriminzokkiri.com կայքի և Կենտրոնական հեռագրային գործակալության էջի դեմ, սակայն հայտնի չէ՝ հարձակումները հաջո՞ղ են եղել, թե՞ ոչ: Նշվում է, որ ապրիլին հաքերները կարողացել էին կոտրել uriminzokkiri.com կայքն ու տվյալների արտահոսք իրականացնել:
Anonymous-ը հայտարարել է, որ հյուսիսկորեական կայքերի կոտրման մասշտաբային օպերացիայի է պատրաստվում հունիսի 25-ին՝ Կորեական պատերազմի (1950-53) մեկնարկի տարելիցի առիթով:







































