Տնտեսական սուր ճգնաժամում գտնվող Հունաստանում, որտեղ գործազրկությունը հասել է ԵՄ-ի համար ռեկորդային ցուցանիշի (27 տոկոս), պլաստիկ վիրաբույժների ու դիմահարդարների գործին ոչինչ չի սպառնում: Նրանց ծառայություններին դիմելու թվով հույները Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում՝ երկրորդ տեղում են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կազմակերպության (ISAPS) կանխատեսումների համաձայն՝ հույներից 2011 թվականին այդ ցուցանիշով առաջ են եղել միայն Հարավային Կորեայի բնակիչները, իսկ 2013-ին հավանաբար առաջին տեղում կլինեն հույները:
11 մլն բնակչություն ունեցող Հունաստանում 2011-ին իրականացվել է 142.394 պլաստիկ վիրահատություն: Դա նշանակում է, որ պլաստիկ վիրաբույժների ու դիմահարդարների ծառայություններից օգտվում է Հունաստանի յուրաքանչյուր 79-րդ բնակիչ:
Հետաքրքիր է, որ սնանկացած երկրի գլխավոր ֆինանսական հովանավոր Գերմանիայում նման ծառայությունների է դիմել 200 բնակչից մեկը:








































