Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Բեն Լադենի մահը որքանով կբարձրացնի աշխարհի անվտանգությունը` նշեց. «Ուսամա բեն Լադենը 10 տարի է, ինչ հետախուզման մեջ էր և համարվում էր համար մեկ ահաբեկիչը և Ալ-Քաիդայի հիմնադիրը:
Այսօր Ալ-Քաիդան պատերազմական մեծ գործողություններ է ծավալել ամբողջ արաբական աշխարհում, ամեն տեղ իր օջախները, խմբավորումներն ունի, որոնք պարբերաբար տեռորիստական գործողություններ էին իրականացնում: Հետևաբար, եթե նրա ղեկավարին սպանել են, ապա դա առաջընթաց է ոչ միայն ԱՄՆ համար, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի»:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Իսլամաբադից ոչ հեռու գտնվող բունկերում սպանվել է Ալ-Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Նրա չեզոքացման գործողություններին մասնակցել է հատուկջոկատայինների փոքր խումբ, որին աջակցություն են ցուցաբերել Պակիստանի հատուկ ծառայությունները: