Կոսովոյի ալբանական իշխանությունների հետ մերձեցման պատճառով ուրբաթ օրը Բելգրադի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել՝ ընդդեմ Սերբիայի կառավարության։
Կոսովոյի սերբերի և սերբական մի շարք «աջ» կազմակերպությունների կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցել է մոտ 4 հազար մարդ: Կազմակերպիչները հայտարարել են մոտ 10 հազար մարդու ներկայության մասին: Միջոցառմանը մասնակցել է նաև սերբական ուղղափառ եկեղեցին, իսկ Չեռնոգորիայի և Պրիմորսկի մետրոպոլիտ Ամֆիլոխին հանրահավաքի սկզբում աղոթել է Կոսովոյի և «Սերբիայի կառավարության ու խորհրդարանի հանգստի համար»:
«Մենք ընդամենը ձեզանից մեկն ենք, սովորական սերբեր, որոնց համաշխարհային վերնախավերը, իսկ վերջերս նաև մեր սեփական իշխանությունը ստիպում են պայքարել և պաշտպանել մեր երեխաներին, մեր տներն ու սրբությունները»,- հայտարարել է կոսովյան համայնքի նախագահ Սլավիշ Ռիստիչը:







































