Վրաստանում շարունակվում են իրավապահների կողմից կտտանքների ու անպատշաճ վերաբերմունքի և քաղաքական դրդապատճառներով դատավարությունների փաստերը: Այս մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության 2016թ. զեկույցում, որը երեկ հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանում մի քանի քաղաքական հեռուստածրագրերի փակումն ու «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատկանելության իրավունքների շուրջ վեճը սպառնում են մեդիաբազմակարծությանը:
«Կառավարական «Վրացական երազանք» կոալիցիան շարունակում է տասնյակ քրեական գործերի հետաքննությունը բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք գործել են «Միացյալ ազգային շարժման» իշխանության օրոք: «Միացյալ ազգային շարժման» անդամներն ու նրանց կողմնակիցները հայտարարում են, որ տվյալ դատավարությունները քաղաքականապես մոտիվացված են»,- ասվում է զեկույցում:
Փաստաթղթում որպես օրինակ բերված են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և Ազգային շարժման 3 ակտիվիստների գործերը, որոնք ձերբակալվել են հոկտեմբերին Քութայիսի դատարանի որոշմամբ:
Զեկույցում նաև խոսվում է հոկտեմբերին «Միացյալ ազգային շարժման» գրասենյակների մոտ կառավարությանն աջակցող խմբերի ակցիաների մասին: Փաստաթղթում նշվում է, որ ցուցարարները վնաս են հասցրել կուսակցության գրասենյակներին 19 քաղաքներում:











































