Ամերիկացի տիեզերագնացները ամերիկյան տիեզերական NASA գործակալությանը ծանուցել են միջազգային տիեզերակայանի ջերմակարգավորման համակարգից դեպի բաց տիեզերք ամոնիակի լուրջ արտահոսքի մասին: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
NASA-ի կայքում հաղորդվում է, որ 35-րդ արշավախմբի անձնակազմը հայտնել է, որ տեսել է փոքրիկ սպիտակ փաթիլներ, որոնք դուրս են եկել Միջազգային տիեզերակայանի P6 բաժնից: Անձնակազմը հաստատել է, որ հովացման համակարգից ամոնիակի արտահոսքի արագությունը մեծացել է: Ամոնիակն օգտագործվում է կայանի էլեկտրամատակարարման համակարգը հովացնելու համար: NASA-ն նշում է, որ այդ վայրում նաև նախկինում է նկատվել արտահոսք: Խնդիրները կարգավորվել էին անցած տարվա նոյեմբերին, երբ ամերիկացի տիեզերագնացները զգուշորեն դուրս էին եկել բաց տիեզերք:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու օր անց արևի մարտկոցի հովացման այդ համակարգը այլևս չի կարող կիրառվել:
NASA-ի փոխանցմամբ՝ կայանը շարունակում է բնականոն աշխատանքը, անձնակազմին վտանգ չի սպառնում:








































