Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց ազգային պետական տոնը՝ նշելով, որ այն հայ ժողովրդի բոլոր սերունդներինն է. «68 տարի առաջ այս օրը հայ զավակների անմնացորդ նվիրմամբ աշխարհը փրկվեց ֆաշիզմի արհավիրքից։ Եթե չլինեին զոհեր, նահատակներ զինվորներ, ամեն մեկը մի օջախի կրակ կլիներ, բայց չէր լինի ո՛չ Հայաստանը, ո՛չ աշխարհը, իսկ 21 տարի առաջ մայիսի ութի՝ լույս իննին մեր նոր սերնդի սխրագործությամբ հակակուսակցական ազգային, համապետական, պետական մասնակցությամբ ֆիդայինների ջոկատներ, Կոմանդոս, Մոնթե, Ժիրայր, հազարավորներ՝ ավելի կարևոր քան հրամանատարները նորօրյա Հայաստանի համար, ասացին, որ կարող են նաև զոհ ու նահատակ չլինել, միայն չկորցնել ու սուգ անել, և 21 տարի առաջ մայիսի իննին ազատագրվեց Շուշին՝ անառիկ բերդն Արևելյան Հայաստանի: Շնորհավորում եմ նրանց, ովքեր այսօր կան և չկան։ Հատկապես նրանց, ովքեր չկան և նրանց ընտանիքներին, նրանք մոռացված, անտեր մնացած աղքատության մեջ ապրող արտագաղթի մտադրություն ունեցող ընտանիքներ են, նրանք ովքեր կոոպերատիվ ֆիդայիններ ու երկրապահներ չդարձան»:
Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր 21 օր եղել են իր կողքին. «Նոր սերունդ, լրագրողներ, ոստիկաններ. սա մի հոգու պայքար չէ, ոչ էլ մեկ օրվա, սա ամբողջ պետության, ազգի, ժողովրդի պետական պայքարն է։ Եվ թող չհամեմատեն ինձ որևէ մեկի հետ՝ ոչ նախկին ու ներկա նախագահների, Շուշիի ազատագրածների, հերոսների հետ, ես շարքային քաղաքացի եմ, և իմ առաջարկը կատարել եմ՝ առաջարկել եմ, որ հայ ժողովուրդը, որը փետրվարի 18-ին իր հաղթանակն իրագործեց, շարունակի դա»:
Հովհաննիսյանի խոսքերով՝ մենք պարտավոր ենք այս անդունդից, այս հիասթափությունից, այս արտագաղթից դուրս գալ. «Ժողովուրդն իր գործն արեց: Ես նույնպես իրավունք ունեմ ակնկալել մեր ժողովրդից, որ փետրվար 18-ի հաղթանակը բավական չէ՝ մեկ քվեով գնալ, հետո տեսնենք թե ինչ է լինելու հրապարակում։ Ժողովուրդն ինքը նաև պետք է տերը դառնա պայքարին: Պահը եկել է, որ ես ձեզ ասեմ՝ սիրելի՛ հայրենակիցներ, նրանք, ովքեր իմ կողքին եղել են տարիներ ու ամիսներ՝ «Ժառանգության» անդամներ լրագրողներ, ոստիկաններ, բան պետք է փոխվի, և պետք է տեղի ունենա սերնդափոխություն իշխանությունում: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց: Ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես, ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը: Մայիսի հինգին՝ որպես այդ պայքարի շարունակություն քաղաքական ուժը իշխանություն ընդդիմություն, այլընտրանքային ճանապարհ ցույց տվող հերոս թե շարքային, մայիսի հինգին պարտվեցինք բոլորս՝ այս հաղթանակի օրը: Մենք բոլորս պարտության մեջ ենք և դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին»:
«Ժառանգության» առաջնորդը նաև նշեց, որ եթե պետք է որևէ մեկը զիջի, նահանջի, որևէ մեկի քավութան նոխազը դառնա, ապա դա կլինի ինքը. «Առաջարկում եմ, որ ինչպես երդում տվեցինք մեկ ամիս առաջ նահանջ չանել, չհանձնվել, զադնի չտալ, ետ քայլ չտալ, չվաճառվել՝ բոլոր մարզերում, մայրաքաղաքում… սա պայքարի հերթական փուլն է։ Թող ոչ մեկը չկարծի Բաղրամյան քսանվեցը ապօրինի է, օրենքից դուրս է, պետք է հասկանա, որ գործ ունի ժողովրդի հետ, մարդկանց, ընտանիքների, քաղաքացիների, հայրենիքի հետ: Եթե որևէ մեկը չհասկացավ իմ առաջարկը, միգուցե մեղքն իմն է:
Ես եկել եմ մայիսի իննին, Ազատության հրապարակի իմ խոստման համաձայն, ասելու, որ ոչ թե մնաք բարյավ, այլ այն, որ պայքարը շարունակվում է բոլոր նրանց համար, ովքեր եղել են շարժման կողքին, ովքեր ինձ օրհնել են, զորակցել,ասել, որ պինդ մնամ»:
Նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ չի մոռանա և չի զիջի։ Իրեն ոչ մի աթոռ, նախագահություն պետք չէ, բայց հինգ տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն. «Ես չեմ ասի, որտեղ չկա Սերժ Սարգսյան, թող բոլորը լինեն, բայց մեր պարտականությունն է այս տարիների ընթացքում կերտել նոր սերունդ, որն ապրիլի իննին փախուստ չտվեց Հյուսիսային պողոտայով:
Ասում եմ, որ այս պայքարը՝ չորս, թե վեց, թե ութ ամիսների, իզուր չէ, դա պայքարի անհրաժեշտ մի հանգրվան է, և մենք կտեսնենք այս պայքարի արգասիքը և կունենանք երջանիկ Հայաստան միասին»:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Բարև Երևան» դաշինքը որոշում կկայացնի առաջիկա օրերի ընթացքում։ ««Բարև Երևան»-ը՝ ազատ, արդար ընտրությունների դեպքում առաջին կամ երկրորդ տեղ կզբաղեցներ, բայց չի նշանակում, թե տանը նստած պետք է խավար անիծենք։ Նրանք, ովքեր խոսում են կայքերով, մեծամասամբ նրանք են, որ ոչինչ չարեցին:
Ցու՛յց տվեք ժողովուրդ, Րաֆֆիին, Լևոնին, Գագիկին, Հրանտին, Ժիրայրին՝ ճանապարհը ցույց տվեք, թե որն է ժողովրդի միացման պահանջը։ Այսպես շարունակել չենք կարող: Եթե այս խաղը կուսակցական խաղ է՝ չեմ խաղում, եթե ժողովրդական պահանջ է՝ կլինեմ:
Ես կարող եմ ասել, որ մայիսի ինը՝ ապրիլի իննից մեկ ամիս անց, որևէ տարբերություն չկա՝ ով կանգառից դուրս եկավ, առանձին օրակարգ ունեցավ, ով ուզում է վերադառնալ՝ կարող է վերադառնալ:
Մայիսի 19-ին՝ տասն օր անց պատարագից հետո, ժամը մեկին «Անի» հյուրանոցում կլինենք։ Ով իրեն համախմբման ենթակա է համարում, ով ուզում է ոչ թե իրենով, իր մարգարեականությամբ, նախագահականությամբ, ընդդիմադիր հերոս լինելու միջոցով՝ ես հրավիրում եմ, ոչ թե որպես հյուրընկալ, այլ որպես շարքային մասնակից: Հրավեր չեմ ուղարկելու՝ նախկին նախագահ եք, ընդդիմության ղեկավար, կայքում գրվող վերլուծաբան, քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքային մոտեցում ցուցաբերող ընկեր, եկե՛ք»,- իր ելույթը եզրափակեց նախագահի նախկին թեկնածուն:








































