Վրացական Apsny.ge կայքիփոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Թբիլիսիի մոտ գտնվող հրաձգարանում հետևելով Վրաստանի զինված ուժերի հիմնադրման 20-րդ տարեդարձի օրը կայացող «Վազիանի-2011» խորագրով զորավարժություններին, անդրադարձել է վրացական բանակի խնդիրներին.
«Մենք պատրանքներ չունենք, թե ով է մեր թշնամին: Բնականաբար, բոլոր զորավարժությունների ժամանակ թշնամու կերպարը կրում է հիպոթետիկ բնույթ, սակայն մենք քաջ գիտենք, թե ով է ներխուժել Վրաստան, ով է օկուպացրել մեր տարածքները, և ով է շարունակում ագրեսիվ պլաններ պահպանել Վրաստանի հանդեպ:
Այսօր մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ, չնայած թշնամու կողմից մեզ կոտրելու ջանքերին, մենք կարողացել ենք ոչ միայն պահպանել մեր մարտունակությունը, այլև զգալիորեն արագացնել զինված ուժերի արդիականացման աշխատանքները: Վերջին տարիների ընթացքում մենք արագացրել ենք վրացական բանակի արդիականացման աշխատանքները, որպեսզի ապագայում նա ի վիճակի լինի կատարելու «գրեթե անհնարին» առաջադրանքներ»:
Նշվում է, որ «Վազիանի-2011» խորագրով զորավարժություններին մասնակցել են ավիացիան, հետևակը, հրետանին, ինժեներային ու տանկային ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ` 678 զինծառայող և 79 միավոր ռազմական տեխնիկա: