Գյումրու թիվ 2 գերեզմանոցի դիմաց` Ղարսի, նախկին Ղարիբջանյանի խճուղի 3 հասցեում բնակվում է տիկին Լուսինե Ղազարյանը՝ ամուսնու և միակ որդու հետ: «Առաջ կապրեինք Կոշտոյան փողոցի վրա, տնակ ունեինք: Բայց էդ տնակը կոյուղու գծերի վրա էր: Մի օր էլ քանդվեց ու բըդի դուրսը մնայինք: Լավ է ամուսինս, որ «Լուսափայլ» ընկերությունում բանվոր էր, գնաց խոսաց, մեղքացին ըսիգ տվեցին, որ ապրինք, տեսնինք վերջերս ինչ կեղնի: Հըմի «Լուսափայլը» փակվել է, առաջ զիբիլ կթափեին, ամուսինս էլ իրանց հետ կաշխատեր, էլի կապրեինք, հըմի էլ ապրելու ճար չունինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լացակումած պատմում է տիկին Լուսինեն:
Գյումրեցի տիկինը գտնվում է անկողնային վիճակում: Ունի առողջական լուրջ խնդիրներ: Առողջական խնդիրները էլ ավելի են սրվել կենցաղային անելանելի վիճակից: Սենյակը, որտեղ հազիվ գոյատևում է այս ընտանիքը, չունի կենցաղային տարրական պայմաններ: «Ամիսներով չենք լողանում, խմելու ջուրը կրում ենք, ոչ մի հարմարություն չունենք: Էդ քիչ է, էս քամբախ սենյակում էլ վխտում են առնետներ, մկներ, ամռան, տաք եղանակին այս կենդանիներին միանում են օձերն ու մողեսները»,- պատմում է նա:
Անմարդկային պայմաններում իր գոյությունը քարշ տվող այս ընտանիքը տնակ ստանալու խնդրանքով դիմել է տարբեր կառույցների օգնությանը, սակայն ապարդյուն, բոլորը մերժել են կնոջ խնդրանքը: Ընտանիքի օրվա հացի փողը վաստակում է 18-ամյա մանկուց հաշմանդամ որդին. գերեզմանոցից, այլ վայրերից շշեր հավաքելով և դրանք վաճառելով: Այս ու այլ վայրերից նա հավաքում է նաև վառելիք` արկղեր, փայտ:
«Երեխես մանկուց հաշմանդամ է, հոր պես հիվանդություն է ժառանգել: Մենք ինչըղ օր աքսորված էղնինք ստեղ, ես էլ շաքարային դիաբետով հիվանդ եմ, լավ չէ վիճակս: Առաջ ավտոլվացման կետ կար կաշխատեր, էլի յոլա կերթայինք, հիմա էլ չի կըռնա, առողջությունը թույլ չի տա, ու մնացել ենք ըսպես երեսի վրա: Քանիմ օր առաջ դիմեցի էլի լրագրողների, ահազանգեցին, քաղաքապետարանից եկան, սնունդ բերեցին, էդ էլ հմի էլ չկա, պրծավ, օգնող չունիմ, գնացել է աղբանոցներից շիշ կհավաքե բերե, հացի փող էնե, որ հաց ուտենք: Ընձի անվճար կհասնի դեղերս, ես դիաբետիկ եմ, բայց նույնիսկ ավտոբուսի 100 դրամ չունիմ, որ երթամ հիվանդանոց դեղերս ստանամ»,- ամփոփում է գյումրեցի տիկինը՝ հուսալով, որ իր խնդրանքը ևս անտեսված չի մնա ու կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կփորձեն իրեն էլ օգնել:








































