ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերը Սիրիայի հարցի շուրջ թվում են անսովոր, քանի որ ժամանակ առ ժամանակ այս երկու երկրների հարաբերությունները բավականին թշնամական են եղել՝ հաղորդում է The New York Times-ը: Թերթի կարծիքով՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է անվանել «լուսավոր գիծ» Սիրիայի համար ևս մեկ մռայլ օրում:
Պարբերականը հիշեցնում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են մայիսի վերջին միջազգային համաժողով անցկացնել Սիրիայի հարցով: Այսպիսով, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ուժեղացրել են իրենց դիվանագիտական ճնշումը քաղաքացիական պատերազմի մասնակիցների վրա՝ ասվում է հոդվածում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը վկայում է սիրիական հակամարտությունը դադարեցնելու երկու երկրների մեծ ցանկության մասին՝ վստահ են հոդվածագիրները: Դրա հետ մեկտեղ պարզ չէ, թե Լավրովն ու Քերին ինչպես պետք է համոզեն հակառակորդներին հրաժարվել թշնամանքից հանուն բանակցային գործընթացի՝ նշվում է հոդվածում:
The Washington Post-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի գործողությունները երկու երկրների համագործակցության նոր օրինակ են: Թերթը նշում է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը ազդեցություն ունեն Մերձավոր Արևելքում, սակայն աջակցում են սիրիական հակամարտության հակառակ կողմերին:









































