Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է հանդիպել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) անդամ, Աղրըից (Արարատ) ընտրված պատգամավոր Լեյլա Զանայի հետ։
Ընդգծվում է, որ Լեյլա Զանան հանդես է եկել անակնկալ քայլով՝ հանդիպում խնդրելով Էրդողանի հետ։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք քննարկել են այդ խնդրանքը և որոշել են «կանաչ լույս» վառել այդ հանդիպման առջև։
Էրդողանը չի բացառել, որ Լեյլա Զանայի հետ կարող է հանդիպել Թուրքիայի խորհրդարանի շենքում։ Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են «Քրդական հարցի» կարգավորումը։ Դեռևս 2012 թվականին՝ կարգավորման գործընթացի մեկնարկից առաջ, Լեյլա Զանան կրկին հանդիպում էր խնդրել Էրդողանի հետ, իսկ հանդիպումից հետո հայտարարել էր. «Եթե այս խնդիրը լուծելի է, ապա այն կլուծի Էրդողանը»։
Լեյլա Զանան քուրդ կարկառուն գործիչ է, ով առաջին անգամ պատգամավորի պաշտոնում ընտրվել է 1991 թվականին։ Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ 2015 թվականին Լեյլա Զանան Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների երդմնակալության արարողության ժամանակ քրդերեն բառեր է օգտագործել և փոխել է երդմնակալության տեքստը։










































