Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության հարձակումները քրդաբնակ քաղաքների ու թաղամասերի վրա ուղիղ սպառնալիք է ներկայացնում մոտ 200.000 մարդու համար և կարող է դիտարկվել որպես «կոլեկտիվ պատիժ», ինչն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Ժնևյան կոնվենցիայով։ Այդ մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Դրանում դատապարտվում է քրդաբնակ շրջաններում շուրջօրյա պարետային ժամերի հայտարարումը կամ սոցիալական բոլոր ծառայությունների դադարեցումը։
Մասնավորապես, ականատեսները իրավապաշտպաններին հայտնել են, որ մի շարք բնակիչներ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չեն կարողանում դուրս գալ տնից, նրանց համար անմատչելի են դարձել սնունդը, ջուրն ու անհետաձգելի բուժօգնությունը։
Դրա հետ մեկտեղ Amnesty International-ը հայտնել է, որ թուրք զինվորականներն ու ոստիկանները բնակելի թաղամասերում գործողությունների ժամանակ կիրառում են ծանր զինատեսակներ ու դիպուկահար հրացաններ, և որ այդ ամենի զոհը հաճախ դառնում են կանայք ու երեխաները։
Amnesty International-ն ընդգծում է, որ երբ Թուրքիայի իշխանությունները փորձում են անել ամեն հնարավոր բան, որպեսզի խեղդեն ներքին քննադատությունները, միջազգային հանրությունը գրեթե որևէ կերպ չի արձագանքում դրան։









































