2010 թ.-ի սեպտեմբերի 9-ին կառավարությունը Երևան քաղաքում 2 հասարակական զուգարան տեղադրելու որոշում կայացրեց: Ընդ որում, այս գործը վստահվեց Էկոնոմիկայի նախարարությանն ու ՓՄՁ ԶԱԿ-ին` այդ նպատակի համար հատկացնելով 100 000 000 դրամ, այսինքն` յուրաքանչյուր զուգարանի համար 50 000 000:
Էկոնոմիակայի նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին հանձնարարվեց մայրաքաղաքում տարածք տրամադրել զուգարանների տեղադրման համար, իսկ երբ զուգարանները պատրաստ լինելին շահագործման, դրանք պետք է մրցութային կարգով հանձնվեին մասնավոր ընկերության կառավարմանը:
Զուգարանները պետք է գնված, մաքսազերծված և համապատասխան վայրում տեղադրված լինելին մինչև 2011թ.-ի մայիսի 1-ը: Սակայն, մինչ օրս էլ տեղադրված չեն:
Փոխարենը ՓՄՁ ԶԱԿ-ը մեկ անձից գնման տարբերակով, առանց մրցույթ հայտարարելու, 2010թ.-ի նոյեմբերի 24-ին առուվաճառքի պայմանագիր է կնքել Խորվաթիայի Հանրապետությունում գրանցված «Եվրոմոդուլ» ընկերության հետ 158 320 եվրո ընդհանուր արժեքով` «SUPERNOVA»-2C և «SUPERNOVA»-2Cm տեսակի ավտոմատ զուգարաններ ձեռք բերելու նպատակով:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Կապանում պետական բյուջեի միջոցներով Հալիձորի բերդի մոտ տեղադրված զուգարանը պետությանն արժեցել է 8 մլն դրամ: Իսկ ռուսական արտադրության ժամանակակից ավտոմատ զուգարարնների շուկայական արժեքը շուրջ 600 000 ռուբլի է:
Ինչևէ, 2011թ.-ի հունսիսին թանկարժեք ապրանքը, վերջապես ներկրվեց Հայաստան, մաքսազերծվեց, բայց այդպես էլ չի տեղադրվեց: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, զուգարանները 2011-ի մայիսի 1-ին արդեն պիտի տեղադրված լինեին, փաստորեն, անգամ ներկրումը կատարվել է ժամկետների խախտումով: Սակայն, ոչ այս և ոչ էլ հետագա ուշացումների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Ավելին, ՀՀ Վերահսկիչ պալատում պարզել են, որ ուշացման յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով նախատեսված է տույժ` ապրանքի գնի 0.05 %-ի չափով: Բայց դա ևս չի կիրառվել:
Ի դեպ, թանկարժեք զուգարանների ճակատագրի մասին լուրերը, թե դրանք այնուամենայնիվ, տեղադրվել են, բայց ոչ թե մայրաքաղաքում, այլ Հայաստանի տեսարժան վայրերի հարևանությամբ, ևս հերքվում են Վերահսկիչ պալատի կողմից: Կատարված ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանք որևէ տեղ տեղակայված չեն ու չեն շահագործվում:
Փաստորեն, պետությանը 100 000 000 դրամ արժեցած զուգարաններն այդպես էլ մնացել են ինչ-որ տեղ ու դեռ սպասում են իրենց աստեղային ժամին, իսկ անարդյունավետ ծախսված գումարների համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել:









































