Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին գտնվում է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում Քեմերոն-Դավութօղլու հանդիպման ժամանակ վարչապետի գրասենյակի դիմաց մեծ ամբոխ է հավաքվել, որն իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող քրդական քաղաքականության:
Բողոքի ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով դրոշներ, ինչպես նաև պաստառներ «Մարդասպան Դավութօղլու», «Դադարեցրու պատերազմը քրդերի դեմ», «Դավութօղլուն ԴԱԻՇ-ի աջակիցն է», «Դադարեցրու ցեղասպանությունը» գրություններով:
Երբ հանդիպումից հետո Դավութօղլուն մեքենայով փորձել է դուրս գալ վարչապետի նստավայրից, ցուցարարները փակել են նրա ճանապարհը: Կատարվածին միջամտել է լոնդոնյան ոստիկանությունը` ձերբակալելով 5 ցուցարարի:
Միջադեպի հետևանքով Դավութօղլուն վերադարձել է վարչապետի գրասենյակ և հեռացել հետնամուտքից:






































