Ստոկհոլմում այցելուների համար բացվել է շվեդական ABBA փոփ խմբի առաջին մշտական թանգարանը: Ցուցանմուշների շարքում են լեգենդար քառյակի երաժշտական գործիքներն ու բեմական կոստյումները: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Թանգարանի բացման առիթով երեկոյի ժամանակ իրենց հոլոգրաֆիկ պատկերներով ներկա են գտնվել ABBA-ի երեք երաժիշտները՝ Բյորն Ուլվեուսը, Աննի-Ֆրիդ Լինգստադը և Բենի Անդերսոնը:
Հիշեցնենք, որ շվեդական քառյակի անունը կազմված է մասնակիցների անունների առաջին տառերից: Խումբը հիմնադրել են Բենի Անդերսոնն ու Բյորն Ուլվեուսը, որոնք և՛ երաժիշտներն էին, և՛ հեղինակները, և՛ երգերի կատարողները: Նրանք ծանոթացել են 1966 թվականին՝ ամառային երեկույթներից մեկի ժամանակ, և որոշել են, որ պետք է աշխատանքը շարունակեն համատեղ:
Համերգներից մեկի ժամանակ Բենի Անդերսոնը ծանոթացել է երգչուհի Աննի-Ֆրիդ Լինգստադի հետ: Մոտավորապես նույն ժամանակ էլ Բյորնը հեռուստացույցով տեսել է մեկ այլ երգչուհու՝ Ագնետա Ֆելթսկոգի ելույթը: Լեգենդար քառյակն առաջին անգամ լիարժեք կազմով հանդիպել է Ստոկհոլմում ՝ հեռուստածրագրի ձայնագրման ժամանակ, իսկ արդեն 1970 թվականին սկսել են միասին երգել:
Քառյակի սինգլները 1970-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբ համաշխարհային երաժշտական հիթ շքերթներում զբաղեցրել են առաջին հորիզոնականները: ABBA-ն ներառվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում 2010-ի մարտի 15-ին:







































