Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հարկադիր տեղահանումների և բնակարանների քանդման արշավը Բաքվում: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:շ
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունը պետք է երաշխավորի արդար փոխհատուցում տների սեփականատերերի և բնակիչների, այդ թվում նաև նրանց համար, ովքեր արդեն տեղահանվել են:
«Ձմեռային այգին», որն այս շաբաթ բացվում է Բաքվի կենտրոնում, վայր է, որտեղից տեղահանվել են հազարավոր մարդիկ: Ադրբեջանի իշխանությունները նախատեսել են տոնակատարությունների շաբաթ՝ նվիրված երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին:
HRW-ն առաջին տարին չէ, որ Բաքվում գրանցում է հարկադիր տեղահանումներ: Տեղահանումների և տների քանդման գործընթացը սկսվել է դեռևս 2009 թ.: Ոմանց տեղահանել են առանց զգուշացման կամ գիշերով: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է տան սեփականատերերին տրամադրել արդար փոխհատուցում: Իշխանությունները նրանց մեկ քառակուսի մետրի դիմաց առաջարկել են 1900 դոլար, չնայած իրական գինն ավելի թանկ է եղել:
2013 թ. իշխանությունները որոշում են կայացնում ընդլայնել քանդման գոտին Ձմեռային այգու սահմաններից դուրս և ներառում են հարակից փողոցները: Այս ամենը հանգեցրել է նրան, որ շատ ընտանիքների սպառնում է կրկնակի տեղահանում, քանի որ Ձմեռային այգու տարածքից տեղահանված բնակիչները բնակարաններ են ձեռք բերել հարակից փողոցներում:
2012 թ. HRW-ը տների անօրինական քանդման կապակցությամբ նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով: Համանման ուղերձ ուղարկվել է նաև 2011 թ., սակայն կազմակերպությունը որևէ պատասխան չի ստացել:









































