Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի իշխանություններն ի պատասխան իրենց հայրենակից, Հռոմի պապ դարձած կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի անձի նկատմամբ բարձր հետաքրքրության՝ զբոսաշրջիկներին առաջարկում են ուղևորություն այն վայրերով, որոնք կապված են Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոսի գործունեության հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երթուղին, որը քաղաքային իշխանություններն անվանել են «Պապի ճանապարհ», ներառում է այցելություն 24 վայրեր, որտեղ ապրել կամ աշխատել է Բերգոլիոն որպես աշխարհիկ մարդ, քահանա և եպիսկոպոս:
Բուենոս Այրեսի հյուրերը կարող են այցելել տուն, որտեղ ծնվել է ապագա Պապը, Սան-Խոսե-դե-Ֆլորես տաճար, համալսարան, որտեղ նա դասախոսություններ է կարդացել՝ լինելով հոգևորական:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին 76-ամյա Բերգոլիոն ընտրվել է Հռոմի 266-րդ պապ:






































