Երևանի ավագանու ընտրություններում գրանցված ընտրախախտումներից մի քանիսի փաստով քրեական գործ է հարուցվել: Երեկ, ժամը 18:00-ին 4/23 ընտրատեղամասի նախագահը հաղորդում է տվել, որ հանձնաժողովի անդամ Անահիտ Հ.-ն ժամը 17:00-ի սահմաններում քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է ծրարներով երկու քվեաթերթիկ, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է ԲՀԿ-ի օգտին:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, Անահիտ Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Նա հարցաքննվել է որպես կասկածյալ: Նախաքննությունը շարունակվում է:









































