Բրիտանական հիվանդանոցներում տարիներով պահպանվել են հիվանդներից գաղտնի վերցված օրգանները: Առաջատար հիվանդանոցները, որոնք գտնվել են առողջապահության պետական ծառայության ներքո, ներքաշված են մարդկային օրգանների հետ կապված սկանդալի մեջ:
Բրիտանական Sun տաբլոիդի լրագրողները պարզել են, որ մահացած հարյուրավոր մարդկանց կենսական կարևոր օրգանները բժշկական հաստատություններում տարիներով պահվել են՝ առանց հանգուցյալ հիվանդների ազգականների թույլտվության:
Հարազատներին ընդհանրապես ոչինչ չեն ասել օրգանները հանելու մասին (այդ թվում՝ երեխաների): Այդ ամենը գաղտնի է պահվել 20 տարի շարունակ: Եվ միայն հիմա Լոնդոնի խոշորագույն Guy’s ու St Thomas’ հիվանդանոցների աշխատակիցները կապվում են վերջիններիս հարազատների հետ ու հայտնում շոկային լուրը: Հիվանդների ազգականներին օգնում է գտնել նաև ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ բժշիկները օրգանները վերցնում էին Լոնդոնի Թագավորական քոլեջի դատաբժշկական դեպարտամենտում հետազոտության նպատակով: Սակայն 2000թ. դեպարտամենտը փակեցին, և օրգաններն ի պահ տրվեցին Guy’s ու St Thomas’ հիվանդանոցներին:
Այնտեղ դրանց մասին պարզապես մոռացան, իսկ հիվանդների ազգականներին այդ մասին ոչինչ չհայտնեցին:
«Անտեր» օրգանների մասին հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ հիվանդանոցի ղեկավարությունը ստուգում անցկացրեց, որի ընթացքում հայտնաբերվեցին գրեթե 500 օրգաններ ու մարմնամասեր, որոնց մի մասը պահվել է 1992-ից:









































