«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակությունից ներողություն խնդրելու կարիք ունեն, ոչ թե իրար շնորհավորելու, քանի որ նորից ավելի լավ ընտրություն չկարողացան ապահովել: Նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենային հավասար հնարավորություններ, ինչը, սակայն, այս ընտրություններում դարձյալ չապահովվեց:
«Այս ընտրություններում ոչ միայն քարոզարշավի ընթացքում բռնություններ եղան, այլև ընտրությունների օրը: Եղան զանգվածային կուտակումներ, ուղղորդման ակնհայտ փորձեր, եռանկյուն ծալված հարյուրավոր քվեաթերթիկներ, որոնցում ՀՀԿ-ի դիմաց էր նշված, իսկ ԲՀԿ-ինը քառածալ էր: Այդպիսի ընտրությունը չի կարող ո՛չ արդար լինել, ո՛չ ազատ: Ավագանու ընտրությունները անազնիվ եղանակով բերված քվեների միջոցառում էր»:
Բանախոսն ասաց, որ իշխող կուսակցությանը ձայներ տալով՝ հասարակությունը պատժեց ոչ միայն իրեն, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերին, քանի որ չի կարող մոռանալ, որ ընդդիմադիր ուժերից շատերը չմասնակցեցին նախագահական ընտրություններին:
Ինչ վերաբերում է «Բարև Երևան» դաշինքի և ԲՀԿ-ի համագործակցությանը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե որ դաշտում կգործի ԲՀԿ-ն: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ընտրատեղամասերի ներսում ընդդիմության կանոններով էր խաղում, դրսում՝ իշխանության, և իրենք այժմ պահանջում են վերահաշվարկ առնվազն մի քանի հարյուր տեղամասերում:
Նա ՀՀԿ-ի հաղթանակի մասին ասաց, որ այդ կուսակցությունը մարդիկ է բերել գյուղերից, անձնագրային վարչությունից, որպեսզի ընտրեն իրենց: Եվ այս դեպքում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չկարողացան ազդել ընտրատեղամասից դուրս խաղի կանոնների վրա, իսկ դրսում գործում էր «Էստի համեցեք» գործելաոճը:








































