Եվրամիությունն իր անհանգստությունն է հայտնում Սիրիայի շուրջ իրավիճակի զարգացման առնչությամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խորացնել տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն անվտանգության հետ կապված իրավիճակը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը:
«Մենք առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն անվտանգությանը»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին: Այս կերպ Մենը մեկնաբանել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին հասցրած ավիահարվածների մասին հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին և 5-ին Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Թիրախը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման համար նախատեսված զենքի պահեստներն էին և Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտահետազոտական կենտրոնը:











































