ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ կոալիցիոն հավանական զարգացումներ չի տեսնում: Օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանում կսկսվեն կոալիցիոն քննարկումներ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև, ինչն էլ կբերի կառավարության կազմում փոփոխությունների: Սակայն, ըստ հրապարակումների, դե յուրե կոալիցիա չի լինի: Եվ Միքայել Մելքումյանն էլ, ըստ էության, անուղղակիորեն հաստատում է, որ դե յուրե կոալիցիա չի լինի:
Հետաքրքրական է, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ներկայիս ժամանակաշրջանում համագործակցել ՀՀԿ-ի հետ և պաշտոններ ստանալ: Խնդիրն այն է, որ Հայաստանում չափազանց ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է: Սրան գումարվում են նաև շարունակվող անիրավություններն ու աճող բռնությունները: Եվ համագործակցելով ՀՀԿ-ի հետ ու պաշտոններ ստանալով՝ այս ուժերը, ըստ էության, կիսելու են նաև պատասխանատվությունը իրավիճակի համար: Եվ այս պայմաններում ասել նաև, թե ընդամենը մեկ տարի են կիսում և չէին հասցնի այս ընթացքում որևէ բան փոխել, երևի թե որևէ բան չի փոխի. հասարակությունը միամիտ չէ:
Եվ ուրեմն, ինչո՞ւ են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում համագործակցել ՀՀԿ-ի հետ և պաշտոններ ստանալ ընտրություններից մեկ տարի առաջ, եթե դա անխուսափելիորեն հարվածելու է իրենց վարկանիշերին: Իհարկե, այլ հարց է, որ խորհրդարանական ընտրություններում վարկանիշերը չեն որոշում, այլ թվանկարչության ծրագրերը, և իշխանությունները նկարում են այն թվերը, որ իրենց է պետք:
Այս տեսանկյունից, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ընդամենը ՀՀԿ-ին վճարել խորհրդարանում հայտնվելու գինը, քանի որ առանց ՀՀԿ-ի՝ այս ուժերը խորհրդարանում հայտնվելու որևէ շանս չունեն: Իսկ այդ գինը լինելու է հասարակության աչքին, այսպես ասած, փոփոխությունների տպավորություն թողնելը, թե ահա՝ կատարվում են կադրային վերանայումներ, պաշտոնանկություններ և այլն, և իշխանությունները պատրաստվում են իրավիճակի փոփոխությանն ուղղված շեշտակի քայլերի: Այսինքն՝ ըստ էության շարունակվում է սահմանադրական «Այո»-ի քարոզչությունը, քարոզարշավի տրամաբանությունը, պարզապես արդեն այլ դրսևորումներով:
Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն այլևս կադրեր չունի, որոնց կարելի է նշանակել որևէ պաշտոնի և անգամ ձևի համար, անգամ կարճ ժամանակամիջոցում տպավորություն թողնել, որ այդ կադրերը ինչ-որ փոփոխություն կարող են նշանակել: Վերջին այդպիսի ռեսուրսը երևի թե սպառվեց Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելով: Դրանով ավարտվեց ՀՀԿ-ի կոսմետիկայի ռեսուրսը, և այդ պատճառով էլ եկել է ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին դիմելու ժամանակը:
Իհարկե այնպես չէ, որ այս ուժերի մոտ այդ ռեսուրսը շատ է: Այստեղ էլ ռեսուրսը սպառման սահմանին է: Եվ այս առումով կա նաև երկրորդ խնդիրը, որ այսպիսով փորձում են լուծել ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը: Լիովին սպառել նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կոսմետիկայի ռեսուրսը և այսպիսով այս ուժերին կա՛մ վերջնականապես և, ինչպես ասում են, անշրջելիորեն դարձնել կառավարելի, կա՛մ տարբեր քաղաքական նախաձեռնություններում որպես ռեսուրս կամ կցորդ օգտագործել, կամ էլ քաղաքական պատմության գիրկն ուղարկել: Թեև, ավելի հավանական է այն, որ պատմության գիրկը կուղարկվի ԲՀԿ-ն՝ 2017-ից հետո, իսկ ՀՅԴ-ն պետք կգա մի շարք նախաձեռնություններում:
Իհարկե, առավելապես իր, այսպես ասած, շարքային ամուր ռեսուրսի շնորհիվ, որովհետև կուսակցոթյունն ունի իսկապես արժեքավոր և սկզբունքային շարքեր, ինչը, անկախ այդ կուսակցության, այսպես ասած, կառավարող «էլիտայի» հետ հարաբերություններից, թույլ չի տալիս ՀՅԴ-ն դուրս մղել հայաստանյան քաղաքականությունից և վերածել լիովին բիզնես պրոյեկտների, ինչպիսին հանդիսանում են այլ կուսակցություններ: Ավելին՝ այս տեսանկյունից ՀՅԴ-ն, ըստ էության, ինչ-որ իմաստով նույնիսկ անփոխարինելի է իշխանությունների համար՝ որպես քաղաքական տարրեր պարունակող եզակի պրոիշխանական ռեսուրս:










































