Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերի հետ խաղաղության կոչ արած թուրք և արտասահմանցի գիտնականներին թիրախ դարձնելուց հետո՝ նրա մաֆիոզ ընկեր Սեդաթ Փեքերը, ով հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների հարցերով կազմակերպության առաջնորդ, սպառնացել է կոտորել գիտնականներին և նրանց արյամբ ցնցուղ ընդունել:
DemokratHaber կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը քրդերի հետ խաղաղություն հաստատելու, նրանց կոտորածը դադարեցնելու և բախումների գոտի հանձնաժողովների մուտքը թույլ տալու կոչ արած թուրք և արտասահմանցի 1128 գիտնականներին, մտավորականներին անվանել է «խավարամիտ, անգրագետ, կեղծ գիտնական, պետության գործերը չհասկացող»:
Թուրքիայի քրեական հեղինակություն Փեքերը խաղաղության կոչ հնչեցրած գիտնականներին համարել է «պետությունը կործանողներ»: Նա հայտարարել է, թե կոտորելու է Էրդողանին խաղաղության կոչ անող բոլոր գիտնականներին և մտավորականներին:
«Այսպես կոչված՝ գիտնականներ, զանգերը ձեզ համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյամբ ցնցուղ ենք ընդունելու», – սպառնացել է նա:
Թուրքիայի Անկախ իրավաբանների միության անդամ մի քանի փաստաբաններ Փեքերի հայտարարությունների հետ կապված Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունում «սպառնալիք, վիրավորանք, զրպարտանք, ատելություն, թշնամանք, ժողովրդի մեջ վախ ու խուճապ» առաջացնելու մեղադրանքով դատական հայց են ներկայացրել, ինչն արդեն վարույթ է ընդունվել:










































